ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կմասնակցի հունիսի 30-ին Ժնևում կայանալիք Սիրիայի իրավիճակի կայունացմանն ուղղված միջազգային համաժողովին միայն այն դեպքում, եթե դրա մյուս մասնակիցները համաձայնեն, որ անհրաժեշտ է նախագահ Բաշար Ալ-Ասադին հեռացնել իշխանությունից: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության աշխատակիցը, որը, գաղտնիության պայմաններում, Ռիգա և Սանկտ Պետերբուրգ մեկնող Հիլարի Քլինթոնի օդանավում հատուկ ճեպազրույց է անցկացրել լրագրողների հետ:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, պետդեպի աշխատակիցը հայտնել է, որ ամերիկյան կողմի համար առանցքային է հանդիսանում այն հանգամանքի, որ հանդիպման մասնակիցները պետք է համաձայնեցնեն քայլերը դեպի առաջ, այդ թվում՝ ապահովեն քաղաքական անցումը Սիրիայի նոր կառավարությանը: «Կարծում եմ, եթե Քոֆի Անանը կարողանա հասնել այն բանին, որ (Ժնևի հանդիպման) ենթադրյալ մասնակիցները համաձայնեն քաղաքական անցման այդպիսի ծրագրի հետ, այդ ժամանակ հանդիպումը կկայանա: Սակայն մեզ անհրաժեշտ է հստակեցնել այդ պահը՝ նախքան մենք կգնանք ինչ-որ հանդիպման: Պարզապես իմաստ չկա գնալ միայն գնալու համար»,- ասել է դիվանագետը:
Նա ավելացրել է, որ իրենց դիրքորոշումը բխում է նրանից, որ Ասադի վարչակարգը կորցրել է լեգիտիմությունը և ժողովրդի աջակցությունը: Ընդ որում, նրա խոսքերով՝ Վաշինգտոնը «հստակ գաղափարներ ունի, թե ինչպես կարող է և պետք է իրականացվի քաղաքական անցումը»:











































