Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը մեկնաբանել է ԵԽԽՎ-ի (ավելի վաղ՝ միայն Ադրբեջանի) քաղբանտարկյալների գծով զեկուցող, գերմանացի պատգամավոր Քրիստոֆ Շտրասերի պատրաստած զեկույցը, որը երեկ հավանության է արժանացել ԵԽԽՎ-ի Մարդու իրավունքների ու իրավական հարցերի հանձնաժողովի կողմից և դրվելու է ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանի դիտարկմանը.
«Ներկայումս մեր համապատասխան կառույցները վերլուծության են ենթարկում Քրիստոֆ Շտրասերի զեկույցը: Ադրբեջանն ունի իր դիրքորոշումը տվյալ հարցում: Շտրասերի մոտեցումը սուբյեկտիվ է: Ի տարբերություն Եվրոպայի Խորհրդի՝ մենք կարծում ենք, որ Ադրբեջանում չկան քաղբանտարկյալներ: Ադրբեջանում կան մարդիկ, որոնք ձերբակալվել են կոնկրետ հանցանքների համար:
Չնայած նրան, որ նրանց մի մասը զբաղում է քաղաքականությամբ կամ ակտիվ քաղաքականությամբ, դա նրանց չի ազատում իրենց գործունեության համար պատժից: Դա է Ադրբեջանի դիրքորոշումը: Մենք մեր մոտեցումը գրավոր ձևով կներկայացնենք Եվրոպայի Խորհրդին ու նրա համապատասխան կառույցներին»:
Հիշեցնենք, որ Շտրասերի զեկույցում նշված էր, որ Ադրբեջանում առկա է 89 քաղբանտարկյալ: Ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ Հասանովի հայտարարությունը մեծ աղմուկ էր հանել. «Ո՞վ է այդ Շտրասերը, որ անգամ հեղինակություն չունի իր երկրում՝ Գերմանիայում: Նրան հերոս են դարձնում, իսկ նա մեզ ցուցումներ է տալիս: Մի՞թե Գերմանիան սեփական քիչ խնդիրներ ունի, կամ Եվրոպան:
Թող նրանք լուծեն այդ հարցերը և ոչ թե իրենց խորհուրդներով միջամտեն մեր գործերին: Գերմանիան թալանում է Արևելյան Եվրոպայի երկրները: Ո՞վ է պատասխան տալու Ռումինիայի, Հունաստանի և մյուս երկրների տնտեսությունների զավթման ու ոչնչացման համար»:










































