Էկվադորում ռազմածովային ուժերի կողմից Գուայաքիլ ծոցի կղզիներից մեկում հայտնաբերվել է սուզանավ, որով տեղափոխվել են թմրանյութեր։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը՝ հղում կատարելով ANDES էկվադորական կայքին։
Նշվում է, որ այս սուզանավը կարող է ամբողջությամբ անցնել ջրի տակ, այն ունի 15 մետր երկարություն և 4 մետր լայնություն։ Իշխանություններն ասել են, որ այս սուզանավը շատ նման է մի քանի օր առաջ կոլումբիացի իրավապահների կողմից առգրավված սուզանավին։ Նրանք եզրակացրել են, որ սուզանավը կառուցել է միևնույն մասնագետը։
Տեղեկացնենք նաև, որ Լատինական Ամերիկայում տեղի թմրաբիզնեսի ներկայացուցիչներն ավելի հաճախ են դիմում թմրանյութերի տեղափոխության նման մեթոդների։ 1993թ.-ից հետո իշխանություններին հաջողվել է առգրավել 76 նման սարք։








































