ՀԱԿ անդամ, նախկին պատգամավոր և քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանի հայտնած միտքը, թե ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերը պետք է անցյալը մի կողմ դնեն և պաշտպանեն ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին, փորձաքար է՝ ստուգելու հանրության և ընդդիմադիր ուժերի արձագանքը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
Նրա խոսքերով՝ նախ, պետք է իմանալ՝ որքանո՞վ է Մյասնիկ Մալխասյանի այսօրինակ հայտարարությունն համընկնում ՀԱԿ-ի ընդհանուր դիրքորոշման հետ: «Իհարկե, նա իրավունք ունի նման հայտարարություն անել, բայց եթե ՀԱԿ-ի անդամը նախորդ հայտարարություններին բացարձակ հակասող այսպիսի նոր հայտարարություն է անում, ապա տվյալ քաղաքական ուժը պետք է հիմնավորի իր քաղաքական հայացքների այսքան շեշտակի փոփոխությունը: Իմ կարծիքով՝ իշխանությանը հակադարձվելն ընդդիմություն լինելու դեռևս բավարար պայման չէ: Ընդդիմությունը հատուկ վարքագծով է նվաճում ընդդիմություն լինելու շնորհը: Դրա մեջ և գաղափարական ասպեկտն է, և քաղաքական անբասիր վարկանիշը: Թե որքանով է Մյասնիկ Մալխասյանը համոզված, որ Օսկանյանը քաղաքական անբասիր վարկանիշ ունի, նա ինքը պետք է երաշխիքներ ու ապացույցներ տրամադրի: Բայց քանի դեռ այդ երաշխիքները չկան, հայտարարությունը կարելի է որակել որպես դեկլարատիվ հայտարարություն»,- ասաց Անուշ Սեդրակյանը:
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ ՀԱԿ անդամի նմանօրինակ հայտարարությունից հետո Հայ ազգային կոնգրեսն ու ԲՀԿ-ն խորհրդարանում սերտ համագործակցություն ծավալեն, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահը նշեց, որ դա լրիվ հնարավոր սցենար է: «Սակայն այդ դեպքում էլ քաղաքական հստակությունների խիստ խնդիր է ծագում, քանի որ ՀԱԿ-ը վաղեմի ընդդիմություն է, իսկ ԲՀԿ-ն հստակ քաղաքական դիրքորոշում դեռևս չի ցուցաբերել, միայն նշել է, որ ինքը այլընտրանքային ուժ է: Քաղաքական գրագիտության տեսանկյունից՝ նման հայտարարությունը, մեղմ ասած, քաղաքագիտության նորմերին չի համապատասխանում: Երբ կլինեն քաղաքական հստակեցումներ, կհասկանանք, թե որ պլատֆորմի վրա է ձևավորվում դաշինքը: Միգուցե ՀԱ՞Կ-ն էլ մտածի ընդդիմության դիրքերից շեղվել և գնալ այլընտրանքային դաշտ»,- հռետորական հարց հնչեցրեց Անուշ Սեդրակյանը:
Հիշեցնենք՝ ՀԱԿ անդամ, նախկին պատգամավոր և քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը երեկ «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել էր. «Կարծում եմ, որ ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերը պետք է անցյալը մի կողմ դնեն և պաշտպանեն Վարդան Օսկանյանին: Կարծում եմ, ճիշտ կլինի աջակցություն հայտնել նրան, որպեսզի յուրաքանչյուր ըմբոստ քաղաքական գործիչ հասկանա, որ կարող է իր տեսակետն ազատ հայտնել և համոզված լինել, որ կգտնվեն համախոհներ, ովքեր թույլ չեն տա, որ իշխանական բիրտ ուժն իրենց հալածի»:









































