Բրոդվեյում մյուզիքլ կբեմադրվի, որը կներկայացնի երգչուհի Շերի կյանքը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում անձամբ երգչուհին է գրել:
Նրա խոսքերով` ներկայացման մեջ կհնչեն իր կոմպոզիցիաները: Բացի այդ` դերասանուհին նշել է, որ բեմում միաժամանակ կլինի երեք տարբեր Շեր` նրանք միասին երգելու են, հաղորդակցվելու… Առայժմ հայտնի չէ, թե ովքեր են մարմնավորելու Շերին:
Ինչպես գրում էThe Wrap կայքը, Ռիզա Շապիրոն` Շերի ներկայացուցիչը, հաստատել է մյուզիքլի ստեղծման փաստը, սակայն դժվարացել է անվանել պրեմիերայի օրը: Ըստ Շապիրոյի`ներկայացման վրա աշխատանքները կարող են տարիներ տևել:
Շերը (Շերլին Սարգսյանը) սկսել է ձայնագրվել ու ելույթ ունենալ 1960-ականների առաջին կեսին:
Այսօրվա դրությամբ նրա դիսկոգրաֆիան կազմում է ավելի քան 20 ստուդիական ալբոմ:
Նրա վերջին` Living Proof ալբոմը լույս է տեսել 2001 թ.:









































