ՀԱԿ-ը խորհրդարանական ընտրություններին մասնակցող միակ քաղաքական ուժն էր, որ բարձրացնում էր 1999 թ. հոկտեմբերի 27-ի և 2008 թ. մարտի 1-ի ոճրագործությունների բացահայտման հարցը: Նման հայտարարություն քիչ առաջ Երևանի Ազատության հրապարակում մեկնարկած ՀԱԿ հանրահավաքում արեց ԱԺ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքերով՝ եթե հոկտեմբերի 27-ի գործը դե յուրե բացահայտված են համարում, մարտի 1-ի դեպքում մեղավորները չեն բացահատվում անհեթեթ պատճառաբանություններով, և չնայած մարդասպաններն ազատության մեջ են շրջում, նրանց բացահայտելու հարցը մյուս քաղաքական ուժերի օրակարգից դուրս է մնացել: Ն. Փաշինյանի խոսքով՝ իշխանություններն ամեն ինչ անում են մարտի 1-ի գործն էլ դե յուրե փակված համարելու համար՝ կրկին անհեթեթ պատճառաբանություն բերելով:
«Փակել հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի էջերը՝ նշանակում է փակել Հայաստանի ապագայի էջը»,- ասաց Ն. Փաշինյանը՝ շեշտելով, որ դա են փորձում անել քոչարյանասերժանտական կողմնակիցները:
Անդրադառնալով «Հարսնաքարի» հրեշավոր դեպքերին՝ Ն. Փաշինյանը նշեց, որ քաղաքացիական հասարակությունը չի շտապում դուրս գալ փողոց և պահանջել բացահայտում, քանի որ տեսել են, թե ինչպես են պատժվում անմեղները. «Անպատիժ հանցագործությունները կմնան անպատիժ, քանի դեռ չեն բացահայտվել հոկտեմբերի 27-ն ու մարտի 1-ը»:










































