«Այլ Ռուսաստան» կուսակցության չարտոնված ցույցի ակտիվիստը, ով մասնակցել է Բոլոտնայա հրապարակում ակցիաներին, քաղաքական ապաստան է խնդրել Հոլանդիայում: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
Առաջատար կոնստրուկտոր Ալեքսանդր Դոլմաթովը լքել է երկիրն այն բանից հետո, երբ նրա գրանցման վայրում` Մերձմոսկովյան Կորոլյով քաղաքի բնակարանում իրավապահները խուզարկություն են կատարել` կապված Բոլոտնայա հրապարակում մայիսի 6-ի անկարգությունների հետ:
Այդ օրը նա ձերբակալվել էր ոստիկաններին դիմադրություն ցուցաբերելու համար:
Kasparov.ru-ն հայտնում է, որ Դոլմաթովն աշխատել է «Տակտիկական հրթիռային կորպորացիա» ընկերությունում: Հայտնի է, որ նրան մի քանի անգամ սպառնացել են՝ կապված ընդդիմադիր ակցիաների հետ:
Հիշեցնենք, որ «Միլիոնների երթն» ավարտվել էր ցուցարարների ու ոստիկանների միջև բախումներով: Անկարգությունների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում անցնում է 14 մարդ, որոնցից 11-ը գտնվում են կալանքի տակ:











































