Դատարանը հրաժարվել է «The Expendables» ֆիլմի սցենարը գրագողություն ճանաչել: Այս մասին հայտնում է Deadline.com-ը:
Ֆիլմը վարձույթ էր դուրս եկել 2010-ի օգոստոսին: Բեմադրությամբ զբաղվել է Սիլվեստեր Ստալոնեն: Նա մասնակցել է նաև սցենարի գրման աշխատանքներին և խաղացել գլխավոր դերերից մեկը: Ֆիլմում խոսքը գնում է մի խումբ վարձկանների մասին, որոնց առջև հանձնարարություն է դրվել տապալել Մեքսիկական ծոցի կղզիներից մեկի բռնակալին:
2011-ի հոկտեմբերին գրող Մարկուս Ուեբը հայտարարել էր, որ ֆիլմի սցենարը գրագողություն է և Ստալոնեի դեմ դատական հայց ներկայացրել: Ուեբի խոսքով՝ որոշ ժամանակ առաջ, ինքը մի շարք ստուդիաների իր սեփական սցենարն է առաջարկել, որը նման է ֆիլմի սցենարին:
Դատարանը հանդես է եկել ի աջակցություն Ստալոնեի: Իրավաբանները նշել են, որ ֆիլմի սցենարի համահեղինակ Դեյվ Կալահեմը սցենարի մի քանի տարբերակ է առաջարկել՝ մինչ Ուեբի առաջարկը:
Ներկայում ավարտվում են ֆիլմի երկրորդ մասի նկարահանումները: Այս անգամ ֆիլմի ռեժիսորը Սայմոն Ուեսթն է: Երկրորդ մասը էկրան կբարձրանա 2012-ի օգոստոսին:











































