Հայ ազգային կոնգրեսի այսօրվա հանրահավաքից առաջ մամուլում տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ Կոնգրեսի հանրահավաքին բազմամարդություն է ապահովելու ԲՀԿ-ն: Դժվար է ասել, թե ինչքանով է իրական այդ տեղեկատվությունը: Համենայնդեպս, կարծես թե փաստ է, որ օրինակ՝ մայիսի 3-ի Կոնգրեսի նախընտրական հանրահավաքին ԲՀԿ-ն իսկապես մարդ ապահովեց, երբ «Բարգավաճ Հայաստան»-ի նախընտրական հանրահավաքի մասնակիցները, որ բերվել էին ավտոբուսներով, Մատենադարանից գնացին Ազատության հրապարակ, որտեղ կայանալու էր Կոնգրեսի հանրահավաքը:
ԲՀԿ-ի և Կոնգրեսի ներկայիս մութ ու լույս հարաբերությունները միանգամայն իրատեսական են դարձնում այն, որ «Բարգավաճ Հայաստան»-ը կարող է մարդկանցով սնուցել Կոնգրեսի հանրահավաքները, քանի որ Կոնգրեսն ի վերջո ներկայումս, կամա, թե ակամա, գործում է հենց ԲՀԿ-ի ծիրում և սպասարկում է «Բարգավաճ Հայաստան»-ի քաղաքական շահերը:
Մյուս կողմից՝ Կոնգրեսի հանրահավաքների բազմամարդությունը մեծ հաշվով ոչ մի նշանակություն չունի՝ այն բանից հետո, երբ կոնգրեսականները գնացին խորհրդարան և ձեռնամուխ եղան խորհրդարանական գործունեության: Եթե Հայ ազգային կոնգրեսը ընդունել է 2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ապա այլևս որևէ իմաստ չունի այն հարցը, թե քանի մարդ կգա Կոնգրեսի հունիսի 26-ի կամ հետագա հանրահավաքներին: Միևնույն է՝ Կոնգրեսը տեղավորվել է իշխանական խաղի շրջանակում, և առավելագույնը, որ կարող է լինել, դա այն է, որ այդ մարդիկ էլ Կոնգրեսի հետ միասին կտեղավորվեն այդ շրջանակում՝ կամա, թե ակամա: Եվ այդ իմաստով Կոնգրեսի հանրահավաքի բազմամարդությունը ներկայումս միայն այդ կառույցի լիդերներին և ԲՀԿ-ին է անհրաժեշտ, որպեսզի հոգեբանական ազդեցություն գործեն Սերժ Սարգսյանի վրա:
Սակայն դժվար է ասել, որ Սերժ Սարգսյանը կարող է ազդվել Կոնգրեսի հանրահավաքներից: Ի վերջո, Կոնգրեսի կրիտիկական աստիճանը Սարգսյանը վաղուց է հաղթահարել՝ 2011 թվականին, և միամիտ պետք է լինել՝ կարծելու համար, թե այդ կառույցը, հատկապես ԲՀԿ-ի հետ կոմբինացիաներ սկսելուց հետո, երբևէ ունակ է կրիտիկական նոր աստիճանի հասնելու: Կոնգրեսի աստիճանները ներկայումս կախված են «Բարգավաճ Հայաստան»-ից, իսկ «Բարգավաճ Հայաստան»-ն էլ ներկայումս կախված է հանգամանքներից: Իսկ հանգամանքներից կախված քաղաքական ուժը կամ տանդեմը որևէ կերպ չի կարող լուրջ խոչընդոտ լինել Սերժ Սարգսյանի համար՝ այն պարզ պատճառով, որ ցանկացած ամբողջատիրական իշխանության համար խոչընդոտ կարող է լինել այն քաղաքական ուժը, որն ինքն է հանգամանքներ ձևավորում, ոչ թե կախված է որևէ տեղ ձևավորվող հանգամանքներից:








































