Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը գնահատեց ՀՀ կառավարության ծրագիրը կրթության ոլորտում:
Ըստ նրա՝ այն ծրագիրը, որը հաստատվեց, մարդակենտրոն է՝ ինչպես բովանդակության առումով, այնպես էլ կրթության զարգացման հիմնական սկզբունքներով: Նախարարի վստահեցմամբ` այս ոլորտում փոփոխությունները և ոչ մի պահ չեն դադարելու, որովհետև այս համակարգն իր առաքելության մեջ դատապարտված է սպասարկելու պետության և հասարակության զարգացումը: Արմեն Աշոտյանի խոսքով` կրթությունը միշտ պետք է փոխվի և հասցնի սպասարկել հասարակությանը: ԿԳ նախարարը գալիք հինգ տարիների ընթացքում փոփոխություններն անխուսափելի է համարում:
Անդրադառնալով ծրագրի՝ կրթության և գիտության ոլորտին վերաբերող մասին՝ նախարարն ասաց, որ հատկապես ուշագրավ է երաշխավորված 9-ամյա կրթությունից 12-ին անցնելու ծրագիրը, այդ թվում՝ մասնագիտական կրթությանը:
Նրա ներկայացմամբ` հիմնական հանրակրթությունը` 9-ամյա կրթությունը, պարտադիր է, սակայն կառավարությունը սահմանում է ավելի բարձր շեմ`12-ամյա կրթություն:
«Սա նշանակում է, որ 9-ամյա կրթությունն ավարտելուց հետո յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է շարունակել իր ուսումը կա՛մ ավագ դպրոցում, կա՛մ նախնական միջին մասնագիտական դպրոցներում: Բարձրացնելու ենք հասարակության կրթական ցենզը, լուծելու ենք կարևոր սոցիալական խնդիր, սրանով նաև անցնելու ենք տոտալ անվճար մասնագիտական կրթության»,- մանրամասնեց նախարարը` հավելելով, որ երբ այս ծրագիրը կյանքի կոչվի, յուրաքանչյուր դպրոցահասակ քաղաքացի հնարավորություն կունենա նաև ստանալու մասնագիտական անվճար կրթություն, բայց այս ծրագիրը հնգամյա է, պետք է սրան հասնել մինչև 2017 թվականը:
Ծրագրի հաջորդ դրույթը, որն ուշագրավ համարեց նախարարը, յուրաքանչյուր առաջին դասարանցուն համակարգիչ տրամադրելն է: Նրա գնահատմամբ` ՏՏ խթանման տեսակետից սա շատ ուշագրավ է և բերելու է դրական հետևանքների. « Յուրաքանչյուր ընտանիքում կլինի համակարգիչ երեխայի և ծնողների համար: Համակարգիչը հագեցած է լինելու հայալեզու կրթական բովանդակությամբ, ծրագրերով, դասագրքերով, ինտերակտիվ բնույթի ծրագրերով և այլն: Որքան ավելի վաղ տարիքից երեխաներն ընտելանան համակարգչին, այնքան ավելի մրցունակ կլինեն ապագայում»:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նաև կարևորեց այն, որ մինչև 2017 թվականը երեխաների 90%-ը պետք է ընդգրկվեն նախակրթարաններում: «Ապացուցված է՝ որքան վաղ է երեխան ընտելանում կրթական գործընթացին, այնքան ավելի լավ է սովորում հետագայում: Վերջին երեք տարիների ընթացքում մենք այս ցուցանիշը բարելավել ենք 25%-ով: Նախակրթարաններ ենք բացել 120 համայնքներում և նպատակ ունենք ընդգրկել երեխաներին ուսումնական գործընթացում»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ նախատեսվում է ազգային երգուպարի առարկան ներմուծել դպրոցական առարկաների ցանկում: Նախարարի խոսքով` ծրագրի նպատակն ակնհայտ է. այս դարաշրջանում ինքնության պահպանման խնդիր կա, իսկ պահպանման լավագույն կոդը ազգային երգերի և պարերի շարժումների մեջ է: Նրա դիտարկմամբ` այս ծրագրի միջոցով ուզում են նպաստել ազգային տարրի ուժեղացմանը և փորձել այդ տարիքից ամրապնդել սերը դեպի հայեցին:
«Սա բարդ ընթացակարգ է ենթադրում, որովհետև յուրաքանչյուր առարկա դպրոց մտցնելու համար պահանջվում է երեք տարի, շախմատի օրինակով կասեմ, որի համար պահանջվում է երեք տարի: Այսինքն ` մենք գրեթե այսօրվանից պետք է աշխատենք այս առարկայի ներմուծման վրա և լավագույն մասնագետներին պետք է ներգրավենք դասագրքերի կազմման գործընթացում: Պետք է խորհրդակցենք նաև հոգեբանների հետ՝ գտնելու առարկայի ներմուծման ճիշտ ժամանակահատվածն ու դրա արդյունավետությունը»,- մեկնաբանեց բանախոսը` հավելելով, որ
ուշադրություն պետք է դարձնել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների հասանելիությանը:
Ըստ նրա` կգործեն wifi կետեր ավագ դպրոցներում: Նա նաև նկատեց, որ պետական բուհերը պետք է վերածվեն հանրային բուհերի, ինչպես վերջերս եղավ ՀՀ պետական ագրարային համալսարանի դեպքում:
Նախարարը նաև ասաց, որ բուհական կրթության մեջ կարևոր են հետևողական ջանքերը ` ունենալու հինգ հայկական բուհ, որոնք կանցնեն միջազգային հավատարմագրում:
«Գալիք երեք տարիների ընթացքում շնորհիվ Բոլոնիայի քարտուղարության կունենանք բարեփոխումների փորձից օգտվելու հնարավորություն. սա նոր խթան կհանդիսանա փոփոխությունների համար»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով բուհական ուսման վարձերի վերաբերյալ կառավարության ծրագրի դրույթներին` Ա. Աշոտյանն ասաց, որ բուհերում ուսման վարձի վերին շեմ պետք է սահմանել: Ըստ նախարարի` այսօր ուսման վարձերը ձևավորվում են անհասկանալի եղանակով, որը բերում է մի զավեշտալի իրավիճակի, երբ իրավաբանական կրթություն կարելի է ստանալ 180 հազար դրամով, և նույնը ստանալ՝ վճարելով 800 հազար դրամ: «Խնդիր ունենք հասկանալու, թե որն է արժանահավատ, խնդիր ունենք սահմանելու ուսման վարձի վերին շեմ, որպեսզի շահարկումների խնդիրները կարողանանք լուծել»,- հստակեցրեց Արմեն Աշոտյանը:
Բանախոսը նաև ասաց, որ մեծագույն խնդիր է մնում սոցիալական շերտավորման պատճառով ուսման հասանելիության խնդիրը: «Անապահով ընտանիքից երեխաների դեպքում փոքր է բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը: Մենք խրախուսելու ենք անապահով ընտանիքների մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը, բուհերը կանցնեն նոր ֆինանսավորման մեխանիզմների»,- վստահեցրեց Արմեն Աշոտյանը:










































