2010 թվականի ՀՀ ազգային վիճակագրական ծառայության զեկույցի համաձայն՝ 2010 թվականին ՀՀ-ում գործել է տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման 7 կազմակերպություն։ Դրանցից 4-ը` պետական (2-ը` ք. Երևանում, 1-ական` ՀՀ Գեղարքունիքի և Շիրակի մարզերում), 3-ը` ոչ պետական (1-ական` ՀՀ Լոռու, Կոտայքի և Սյունիքի մարզերում):
Ըստ զեկույցի՝ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպությունների զբաղեցրած ընդհանուր մակերեսը կազմել է 18472.1 քառ. մ, որի 87.3 %-ը (16132.3 քառ. մ) բաժին է ընկել պետական կազմակերպություններին: Պետական և ոչ պետական 2-ական կազմակերպություններ ունեցել են շենքերին կից կամ ամրակցված այլ տարածքներ, որոնց մակերեսը կազմել է, համապատասխանաբար` 2278.7 քառ. մ և 185.0 քառ. մ:
Տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման պետական և ոչ պետական կազմակերպությունների շենքերը նախատեսված են եղել համապատասխանաբար` 1050 և 102 խնամյալների համար: Խնամյալների թվաքանակը 2010 թվականի սկզբին եղել է 1119, որոնցից 662-ը՝ կանայք, իսկ տարեվերջին ծերանոցներում եղել է 1127 խնամյալ, որոնցից 667-ը՝ կին։
Երևանի 1 տուն–ինտերնատից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեցին, որ ներկա պահին անօթևանները և ծերերը 303-ն են։ Ըստ տուն–ինտերնատի՝ ծերանոցի բոլոր բնակիչներն էլ հոգեբանական խնդիրներ են ունենում։
Նշենք, որ 2011 թվականի տվյալները հայտնի կլինեն հունիս ամսվա զեկույցում։










































