Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովը պատրաստվում է համաձայնագրեր կնքել Ադրբեջանի և Թուրքմենստանի հետ՝ «Անդրկասպյան գազատարի» նախագծի իրավական բազայի համար: Այս մասին նշված է ԵՄ-ի անդամ 27 երկրների արտգործնախարարների հանդիպման եզրակացության մեջ:
Դրանում նաև ասվում է, որ այդպիսի համաձայնագրերի կնքումը կարող է կարևոր ներդրում ունենալ «Հարավային գազային միջանցքի» նախագծի իրագործման հարցում:
«Անդրկասպյան գազատարի» կառուցման բանակցությունները մեկնարկել են դեռևս 1990-ական թվականների վերջերին: Այդ խողովակաշարն ունենալու է մոտ 300 կիլոմետր երկարություն և Կասպիցի թուրքմենական ափից լճի հատակով հասնելու է մինչև ադրբեջանական ափ:
2011 թվականի սեպտեմբերին ԵՄ-ը «Անդրկասպյան գազատարի» կառուցման շուրջ Թուրքմենստանի ու Ադրբեջանի հետ բանակցություններ վարելու համար համապատասխան մանդատ տրամադրեց Եվրահանձնաժողովին:
Հիշեցնենք, որ ներկայումս Կասպից ծովի վիճելի նավթահանքերի պատճառով դարձյալ սրվել են Ադրբեջանի ու Թուրքմենստանի փոխհարաբերությունները:









































