News Georgia-ի փոխանցմամբ՝ Իսրայելը պահպանում է Վրաստանին զենքի մատակարարման վրա դրված բեռնարգելքը և հուսով է, որ Ռուսաստանն էլ իր հերթին այդքան ուշադիր կլինի իսրայելական շահերի նկատմամբ՝ երրորդ երկրների հետ իր ռազմա-տեխնիկական համագործակցության պլանավորման ժամանակ:
Այս մասին «Մոսկվա-Երուսաղեմ» տեսակամրջի ժամանակ հայտարարել է Իսրայելի ԱԳՆ-ի եվրասիական դեպարտամենտի ղեկավար Յաակով Լիվնեն:
Նա հավելել է, որ Վրաստանին սպառազինության մատակարարումն ու իսրայելական ընկերությունների խորհրդատվական ծառայություններից օգտվելը դադարեցվել է 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմից քիչ առաջ.
«Իսրայելը նաև ռուսական կողմի խնդրանքով է դադարեցրել Վրաստանին իր սպառազինության մատակարարումը: Մենք ցայժմ չենք շեղվել այդ ուղուց: Մենք հուսով ենք ու ակնկալում ենք համանման մոտեցում Մոսկվայից՝ Իսրայելի կողմից նման խնդրանքների ստացման դեպքում»:
Հիշեցնենք, որ ներկայումս Իսրայելը տենդագին սպառազինում է Ադրբեջանին: Ավելին՝ տեսակետներ են հնչում, որ թուրք-իսրայելական ռազմական համագործակցության դադարեցումից հետո Ադրբեջանը փրկել է Իսրայելի ռազմական արդյունաբերությանը, որը մեծապես տուժել է Թուրքիայի կողմից իր արտադրանքի գնման դադարեցումից: Հետաքրքիր է, թե ինչո՞ւ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանն Իսրայելին չի դիմում՝ Ադրբեջանին զենքի մատակարարումների դադարեցման պահանջով:
Ի դեպ, ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական կենտրոնի նամակագրությանն առնչվող Wikileaks-յան բացահայտումներից մեկում նշված էր, թե 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմից քիչ առաջ Ռուսաստանը ստացել է վրացական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ծածկագրերը: Դրանք հատկացրել է այդ ԱԹՍ-ներն արտադրած Իսրայելը՝ 2006 թվականին Իրանին հատկացված ռուսական Тор М-1 հակաօդային պաշտպանության համալիրների ծածկագրերը ստանալու դիմաց:







































