Թաիլանդի Չիանգմայ քաղաքում մեղուների հարձակման հետևանքով 76 բուդդիստ վանական է հոսպիտալացվել: Այս մասին հայտնում է The Bangkok Post-ը: Դեպքը տեղի է ունեցել Վաթ Չեդի Լուանգ տաճարի տարածքում, որտեղ մեղուներ են պահվում:
Վանահայր Ռատչի Ջետյատչամայի խոսքով՝ միջատները հարձակումը գործել են հունիսի 23-ի ցերեկը, երբ վանականները տաճարի բակն էին մաքրում: Հայտնի չէ, թե ինչն է եղել մեղուների հարձակման պատճառը. նախկինում վանականները նրանց հետ խնդիրներ չեն ունեցել:
Տուժածներից 19-ի վիճակը ծանր է, այդ թվում 6-ը գտնվում են կոմայի մեջ: Նրանց մոտ ճնշման կտրուկ անկում է գրանցվել: Մյուսներն արդեն դուրս են գրվել, սակայն բժիշկները տաճար կայցելեն՝ հետևելու վանականների առողջությանը:
Մեղուների խայթոցները, եթե մարդը մեղվի թույնի նկատմամբ ալերգիա ունի, մահացու վտանգավոր է: Մյուս դեպքերում այն կարող է սրտխառնոց, մաշկի գրգռվածություն, ճնշման իջեցում, շնչարգելություն առաջացնել:
Չնայած մեղուների վարքին, տաճարի ղեկավարությունը չի պատրաստվում ոչնչացնել նրանց կամ զբոսաշրջիկներին նախազգուշացնել միջատներից հեռու մնալու մասին:
Բուդդայականությունը թույլ չի տալիս սպանել կենդանի արարածներին, այդ թվում՝ միջատներին:









































