Օլիմպիական խաղերի նախաշեմին Բրիտանիայում գործարկվել է հեռախոսների Best of Britain անվճար հավելվածը, որն իրենից ներկայացնում է Բրիտանիայի ուղեցույց անգլիացի հայտնի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմից:
Ինչպես հաղորդում է The Daily Mail պարբերականը, Բեքհեմը կիսվում է իր կարծիքով, թե ինչ տեսարժան վայրեր, ռեստորաններ, զվարճանքի և շոփինգի վայրեր կարող են այցելել զբոսաշրջիկները:
Բեքհեմը կարծում է, որ յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է տեսնի Բուկինգհեմյան պալատը: Ինքը՝ ֆուտբոլիստը, բազմիցս եղել է այնտեղ տարբեր առիթներով, այդ թվում՝ արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանեկան արարողությանը:
Զբոսանքի համար լավագույն վայրեր ֆուտբոլիստն անվանում է Բրիտանիայի մայրաքաղաքի մեծ թվով այգիները: Նրա սիրելի այգիներն են Hyde Park-ը, Regent’s Park-ը և Richmond-ը:
Բեքհեմը զբոսաշրջիկներին հիշեցում է, որ Լոնդոնում շատ են թատրոններն ու համերգասրահները: Մարզիկի ամենասիրելի շոուն է War Horse-ը, սակայն նա խորհուրդ է տալիս դիտել Lion King, Matilda և Jersey Boys ներկայացումները:
Եթե դուք ցանկանում եմ համեղ ուտել, ապա Բեքհեմը խորհուրդ է տալիս այցելել Lane’s Pie & Mash՝ կարկանդակ ուտելու, որտեղ ինքը հաճախ է լինում իր երեխաների հետ:
Լավ խոհանոց գնահատողներին Բեքհեմը խորհուրդ է տալիս երեկոն անցկացնել «դասական» վայրերում՝ Ivy, Ceconnis և Nobu, կամ գնալ նոր հաստատություններ՝ Bread Street Kitchen և Nopi:
Բացի այդ, սպորտի երկրպագուները անպայման պետք է այցելեն ֆուտբոլի մարզադաշտեր: Բեքհեմի սիրելի մարզադաշտը Մանչեսթերի Old Trafford-ն է, սակայն ոչ պակաս հետաքրքիր են Wembley-ն, Anfield-ը կամ Stamford Bridge-ը:
Հետաքրքիր շոփինգի համար Բեքհեմը խորհուրդ է տալիս Մանչեսթերի Northern Quarter թաղամասը, ինչպես նաև Լոնդոնի Portobello, Spitalfields և Camden շուկաները:
Վերջապես՝ նրանց, ովքեր Լոնդոն կժամանեն իրենց ընտանիքների հետ, 4 երեխաների հայր Դևիդ Բեքհեմն առաջարկում է այցելել Լոնդոնի ծայրամասում գտնվող Thorpe Park զվարճանքների կենտրոն. նրա երեխաներն այդ վայրը պաշտում են: Ընտանեկան հանգստի համար Բեքհեմը խորհուրդ է տալիս պարզապես մեկնել քաղաքից դուրս և այցելել ցանկացած գարեջրատուն. այնտեղ ձեզ սիրալիր կդիմավորեն, համեղ կկերակրեն և կզբաղեցնեն երեխաներին:








































