ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը համոզմունք է հայտնել է, որ Եգիպտոսի ընտրություններւմ հաղթած՝ «Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչ Մուհամմադ Մուրսին երկիրը կտանի ժողովրդավարության ճանապարհով: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով կազմակերպության մամոլի քարտուղարությանը:
«Գլխավոր քարտուղարը երախտապարտ է եգիպտացի ժողովրդին այն խաղաղ մթնոլորտի համար, որում անցան ընտրությունները: Նա շնորհավորում է դոկտոր Մուհամմադ Մուրսիին ընտրվելու կապակցությամբ և հավատում, որ նորընտիր նախագահը ոչ մի ջանք չի խնայի, որպեսզի Եգիպտոսն իրականացնի ժողովրդավարության, մարդու իրավունքների, բոլոր քաղաքացիների համար ավելի ծաղկուն և կայուն Եգիպտոսի իրենց սպասումները»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Պան Գի Մունը նշել է, որ ներկայիս իշխանափոխությունը խորհրդանշում է մեծ ժողովրդավարությանը Եգիպտոսի անցման կարևոր փուլ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ անհրաժեշտ է «ամրապնդել և ստեղծել ուժեղ, անկախ ինստիտուտներ և թույլ տալ քաղաքացիական հասարակությանը ծաղկում ապրել,- որպեսզի այն կարողանա իր դերը կատարել ազատ և լիարժեք»:
Հիշեցնենք. Հոսնի Մուբարաքի տապալումից հետո, ի վերջո, Եգիպտոսում ընտրվել է նոր նախագահ. «Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչ Մուհամմադ Մուրսին ընտրությունների երկրորդ փուլում հավաքել է ընտրողների ձայների 51.7%-ը:








































