«Մուսուլման եղբայրներ»-ի թեկնածուի` այժմ արդեն Եգիպտոսի նորընտիր նախագահ Մուհամեդ Մուրսիի մրցակիցը երկրորդ փուլում՝ Ահմեդ Շաֆիկը, ընդունել է իր պարտությունը և շնորհավորել երկրի նախագահին։ «Պարոն Մուրսի` Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս նախագահական ընտրություններում հաղթանակի հասնելու կապակցությամբ, ցանկանում եմ հաջողություն այդ դժվարին առաքելության մեջ, որ Ձեզ է վստահել Եգիպտոսի ժողովուրդը»,- ասվում է հայտարարության մեջ։ Շաֆիկը երկար ժամանակ չէր համաձայնում ընդունել իր պարտությունը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եգիպտոսի ընտրական հանձնաժողովը երեկ հայտարարել է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները: Մուրսիի օգտին քվեարկել է 13.23 միլիոն ընտրող (51.7 %): Նրա հակառակորդը` նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկը, հավաքել է 12.35 միլիոն ձայն կամ 48,3%-ը:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի վերջին նախագահ Հոսնի Մուբարաքը նախագահի պաշտոնից հեռացել է 2011 թվականի փետրվարի 11-ին` 18- օրյա հուզումներից հետո: Մուբարաքը ցմահ ազատազրկման է դատապարտվել և այժմ առողջական վատ վիճակի պատճառով գտնվում է զինվորական հոսպիտալում:












































