Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում արդեն 6 ամիս է` ընթանում է դերասանուհի Անժելա Սարգսյանի անձնական կյանքին վերաբերող տեղեկությունների, այդ թվում` լուսանկարներ և տեսանյութեր, համացանցում տարածելու մեջ մեղադրվող Կարեն Արայանի դատավարությունը, որը դատավոր Մխիթար Պապոյանի որոշմամբ անցկացվում է դռնփակ:
Այս գործով արդեն մի քանի ամիս է, ինչ չի հաջողվում կոնկրետ տեղեկատվություն ձեռք բերել, թե դատավարությունն ինչ փուլում է, և ընդհանրապես` ինչ փաստեր կան դերասանուհու նախկին ընկերոջ` Կարեն Արայանի դեմ: «Առաջին լրատվական»-ին հաջողվել է հարցազրույց անցկացնել Արայանի նոր պաշտպան Կիմա Սարյանի հետ:
– Արդեն 6 ամիս է, ինչ դատավարությունը սկսվել է, սակայն գործում էական տեղաշարժ այդպես էլ չկա: Վերջին դատավարություններն էլ անընդհատ հետաձգվում են: Ո՞րն է խնդիրը, և այս պահին ի՞նչ փուլում է դատավարությունը:
– Դատաքննական այս փուլում պետք է խոսեն գործով վկաները, որոնք, սակայն, 6 ամիս շարունակ դատարան չեն գալիս, այսինքն` այդ վկաների դատարան չներկայանալու հետևանքով իմ պաշտպանյալն այսօր զրկված է միջազգային դատարաններով վերապահված ազատության իրավունքից, քանի որ նա այսօր կալանքի տակ է գտնվում նույն այդ դատարան չներկայացող վկաների կողմից տրված բացատրությունների հիման վրա:
– Քանի՞սն են գործով այս պահին հայտնի վկաները և նրանց ո՞ր մասն է մինչ օրս ներկայացել կամ շարունակում չներկայանալ դատարան:
– Գործով դատակոչվել են 17 վկաներ, որոնց թվում են «Արմենիա» հեռուստաընկերության եթերով հեռարձակված «Ուր է իմ տղամարդը» հեռուստասերիալի աշխատակիցներ ու դերասանական կազմի որոշ անդամներ: Վկաներից մինչ օրս ընդամենը 5-ն է ներկայացել դատարան: Առաջին հերթին` որպես վկա և տուժողի կարգավիճակով դատարան է ներկայացել Անժելա Սարգսյանը, ով պնդել է նույնը, ինչ նախաքննական ցուցմունքում. նա մեղադրում է Արայանին: Իսկ դատարանում մինչ օրս հարցաքննված մյուս վկաները ըստ էության պնդում են, որ իրականում Կարենի կողմից լուսանկարների տարածում չեն տեսել: Դատարանում այս ընթացքում հարցաքննվել են նաև վկաներ, ովքեր Կարեն Արայանի և Անժելա Սարգսյանի ընդհանուր ծանոթներն են եղել և գործի հանգամանքների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն են տրամադրել, որը, կարծում ենք, որոշակիորեն կուղղորդի դատարանին:
– Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են դերասանուհու նախկին գործընկերները խուսափում դատարանում վկայություն տալուց, և ինչո՞ւ դատարանը նրանց չի կարողանում բերման ենթարկել:
– Մենք գիտենք, որ սա այն գործերից է, որով վկաները չէին ուզենա գալ ու հարցաքննվել, իրենք հաճախ են ասում` թող մեզ բերման ենթարկեն: «Արմենիա» հեռուստաընկերության աշխատակիցներից մինչ օրս հարցաքննվել են Նուշիկ Մարգարյանը, Ռուբեն Մուրադյանը` սերիալի դերասաններից: Միայն մի բան կարող եմ ասել, որից հետո, կարծում եմ, ակնհայտ կդառնա բերման ենթարկելու ամբողջ պրոցեսի բարձիթողի վիճակը: Դատական այն նիստի օրը, երբ պետք է հարցաքննվեր վկաներից Ռուբեն Մուրադյանը, դատարանը ծանուցագիր էր ստացել փոստից, ըստ որի` Ռուբեն Մուրադյանն արդեն 5 տարի է` չէր բնակվում այդ հասցեում: Սակայն քանի որ ես այդ ժամանակ արդեն գիտեի, որ նույն Ռուբեն Մուրադյանը դահլիճից դուրս կանգնած է, դատավորին միջնորդեցի ներս հրավիրել վկային: Իհարկե, նա դատարանում ավելի շատ վկայություն է տվել գործում առկա որոշակի փաստական հանգամանքների վերաբերյալ, քան կոնկրետ հանցագործության մասով, թե` ճանաչո՞ւմ էր Կարենին, Անժելայի հետ տեսե՞լ էր, թե՞ ոչ և այլն: Սակայն խոսքն այստեղ այն մասին է, որ դատարանը ծանուցագիր է ստանում, թե վկան այդ հասցեում չի բնակվում, բայց այդ վկան դատարանում կանգնած է. ինչպե՞ս դա կարելի է բացատրել:
Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված է, որ վկան պարտավոր է ցուցմունք տալ, իսկ եթե նա դատարանում հրաժարվում է ցուցմունք տալուց, մինչդեռ նախաքննության ընթացքում նույն այդ վկան ինքն է եկել ներկայացել իր կամքով և բացատրություն է տվել, դա արդեն ինչ-որ բան է ապացուցում. վկաները միանշանակ խուսափում են դատարան գալ:
– Ո՞ր վկաների հարցաքննությունն այս պահին էական նշանակություն ունի պաշտպանական կողմի համար և ըստ էության` գործի ելքի համար:
– Պաշտպանական կողմը կարևորում է վկաներից` Անիկ Պետրոսյանի հարցաքննությունը` նրա նախաքննական ցուցմունքներից ելնելով: Նա եղել է Անժելայի ընկերուհին և շատ լավ գիտի` ինչը ինչպես է եղել, շատ ճիշտ տեղեկություններ ունի և կարող է դրանք դատարանին ներկայացնել, սակայն նա նույնպես չի ներկայանում դատական նիստերին: Էական վկաների թվում են նաև Ագնեսա Շահնազարյանը, Գայանե Ասլամազյանը, Անուշ Ավետիսյանը, որը ֆիլմի գրիմարարն է եղել: Ես առայժմ չէի ուզենա հրապարակել դերասանուհու սերիալային ընկերուհիներ Գայանե Ասլամազյանի և Ագնեսայի նախաքննական ցուցմունքները, քանի որ դրանք առայժմ գործով հրապարակված ապացույցներ չեն և որպես ապացույց դեռ պետք է վիճարկվեն: Սակայն ծանուցագրերը նրանց պատշաճ կարգով ուղարկվել են: Արդեն 6 ամիս է, ինչ դատարանն անընդհատ բերման ենթարկելու որոշում է կայացնում, սակայն, ինչպես երևում է, վկաներին բերման ենթարկել այլևս հնարավոր չէ: Ամեն անգամ բերման ենթարկելու մասին որոշումները հետ են գալիս նույն հիմքով, թե` դուռը փակ է, տանը մարդ չկա, այդպիսի անձ տվյալ հասցեում չի բնակվում և այլն` այն պարագայում, երբ գործում առկա են և՛ հեռախոսահամարներ, և՛ անձի կողմից նախաքննության ընթացքում տրված այդ հասցեների վերաբերյալ ճշտումներ, ընդ որում` նրանք այն անձինք չեն, որոնց դժվար է գտնել: Հիմա մենք ո՞ւմ հավատանք` այն ոստիկանի՞ն, ով պնդում է, թե անձը այդտեղ չի բնակվում, թե՞ այդ չգտնվող անձանց տված ցուցմունքին, որոնց հիման վրա իմ պաշտպանյալը հիմա անազատության մեջ է:
– Դուք պնդում եք, որ Կարեն Արայանի կողմի «Օդնոկլասնիկի» կայքում տեղադրված լուսանկարները պոռնոգրաֆիայի հետ որևէ առնչություն չունեն և նաև առնչություն չունեն հայ հասարակությանը հայտնի մի շարք` իսկապես պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարների հետ: Ի՞նչ հիմքեր ունեք:
– Անժելա Սարգսյանը դատարան է ներկայացնում այլ նկարներ, սակայն Կարեն Արայանը «Օդնոկլասնիկի» կայքում տեղադրել է նկարներ, որոնք պոռնոգրաֆիայի հետ ընդհանրապես առնչություն չունեն: Արայանի կողմից տեղադրվել են 11 լուսանկարներ, որոնք քրեական գործում էլ առկա են (պաշտպանն այդ լուսանկարները մեր լրագրողին ցույց է տվել. դրանցում դերասանուհին և նրա զուգընկերը անկողնում գրակախառնված են և երջանիկ դեմքով նայում են, ըստ
երևույթին, լուսանկարողին: Այդ լուսանկարներից միայն երեքում կա բաց տեսարան, որտեղ երևում է Անժելայի կուրծքը, իսկ մնացած 8 նկարներում սիրահար զույգի երջանիկ դեմքերն են` մաքսիմում մինչև գոտկատեղ, մարմնի այլ հատվածներ այս նկարներում չեն երևում): Դրանք պոռնոգրաֆիկ բնույթի չեն, այլ հարց է, որ սրանց տակ ներկայացվում են այլ նկարներ ևս, և դրանք ներկայացվում են որպես պոռնոգրաֆիկ բնույթի, ինչը, սակայն, Արայանի արածը չէ: Պաշտպանական կողմը ապացուցելու շատ տարբերակներ ունի, մասնավորապես այն, որ Արայանի համակարգչից նման նկարներ չեն տարածվել: Արայանի օգտին եղած մնացած ապացույցները դատավարական գաղտնիք են և դատավարության հետագա փուլերում պարզ կդառնան:
– Վերջերս դարձյալ համացանցում էին Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարները, իսկ Կարեն Արայանը փաստացի ազատազրկված է: Սա ի՞նչ նշանակություն կարող է ունենալ գործի համար, և Ձեր կարծիքով` ո՞վ է այս պահին նկարները տարածում:
– Չեմ կարող ասել, թե այս պահին Անժելայի պոռնոգրաֆիկ բնույթի նկարների տարածումը որքանով է վերահսկվում ոստիկանության կողմից, սակայն հիմա արդեն, կարծում եմ, ակնհայտ է, որ խնդիրն այստեղ Կարեն Արայանը չէ: Ինչո՞ւ է այժմ Անժելա Սարգսյանը դրսևորում այլ վարքագիծ: Եթե նա ժամանակին գնացել է, հայտարարություն է տվել` իբրև թե իր պոռնոգրաֆիկ բնույթի նկարները տարածվում են, ու ընդ որում` մասնակցեց հեռուստահաղորդման և այլն, ինչո՞ւ է հիմա լռում: Ի՞նչն էր այն ժամանակ խնդիրը` ուղղակի գնալ ու ներգրավե՞լ Արայանին այս ամենի մեջ` առանց ապացուցների: Ինձ տեղեկություններ են հասել, որ նա անգամ հայտարարել է` եթե Կարենն այս պահին իր հետ ամուսնանա, այս ամենը կդադարեցվի: Պաշտպանական կողմի դիրքորոշմամբ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ հեռարձակված «Կռվախնձոր» հաղորդումը, որի ընթացքում դերասանուհին և նրա ամուսինը պարզաբանումներ էին տալիս, ի սկզբանե պլանավորված է եղել հենց այս գործի համար: Այս վեճն ըստ էության հանրությանն առավել հայտնի դարձավ հենց այդ հաղորդումից հետո: Եթե դերասանուհին չէր ցանկանում, որ իր համբավը տարածվի, նա եթերում չէր հայտնվի:
– Իսկ ի՞նչ կապ ունի այս ամենի հետ դերասանուհու մասնակցությամբ նկարահանված «Անթրոպոլոգիա» ֆիլմը:
– Այս գործը բացահայտվել է 2011 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Նույն այդ ժամանակահատվածում Անժելա Սարգսյանի մասնակցությամբ էկրան էր բարձրանում Ձեր կողմից նշված ֆիլմը, որտեղ դերասանուհին մարմնավաճառուհու կերպարում էր հանդես գալիս: Այս ամբողջ տեղի ունեցածի արդյունքում մարդկանց մոտ, կարելի է ասել, հետաքրքրություն և որոշների մոտ գուցե ցանկություն առաջացավ դեպի դերասանուհին: Ֆիլմը, սակայն, ընդամենը մեկ անգամ է ցուցադրվել «Նաիրի» կինոթատրոնում, որից հետո դադարեցվել է: Ֆիլմում նա հանդես է գալիս մի շարք բաց տեսարաններում: Նոյեմբերի 15-ին ֆիլմի առաջին ցուցադրությունն անցել է լեփ-լեցուն դահլիճում, և Անժելան փաստորեն իրենն արել էր. մարդիկ գալիս էին ու ցանկանում էին նրան տեսնել, իսկ նախորդածն արդեն ֆիլմից առաջ դերասանուհու նախնական պրոպագանդան էր:
– Որքանո՞վ էր Հայաստանում ապրող հայ դերասանուհուն պետք նման պրոպագանդան:
– Փաստորեն պետք էր: Որքան էլ դերասանուհին այսօրվա դրությամբ հայտարարի, թե իր անվան վրա խաչ է քաշվել և այլն, նա հիմա կարողանում է օգտագործել իր շահույթը: Գուցե նրան ցանկացողները այս պահին փոքր մաս են կազմում, սակայն նրանք մեծ հնարավորություններ ունեն:
– Տեղեկություններ են տարածվում, թե դերասանուհու թիկունքին ազդեցիկ մարդիկ են կանգնած, այդ հանգամանքը դատարանում իրեն զգացնել տվե՞լ է, կամ դատարանն այս պահին գործով դիրքորոշում ցուցաբերո՞ւմ է:
– Այն որ Անժելայի թիկունքում որոշակի մարդիկ են կանգնած, այդտեղ խոսք չկա, սակայն դատարանի կողմնակալության մասով առայժմ ոչինչ չեմ կարող ասել: Մենք ակնկալում ենք Արայանի արդարացում, քանի որ այս ամենը շատ գեղեցիկ պլանավորված ու հաջողված սցենար էր: Իսկ Կարենի արդարացման դեպքում Անժելան միանշանակորեն սուտ մատնության հետ կապված խնդիրներ կունենա:
– Ձեր պաշտպանյալի նախկին պաշտպանը միջնորդել էր Արայանին գրավով ազատ արձակել, ինչը, սակայն, դատարանը մերժել էր: Ի՞նչ հիմքեր կան այս պահին Արայանին կալանքի տակ պահելու:
– Արայանը կալանքի մեջ է գտնվում դեռ 2011 թվականի հոկտեմբեր ամսից: Կալանքի հիմքերից մեկն այն է, թե Արայանը ազատության մեջ գտնվելու դեպքում կարող է ոչ պատշաճ վարքագիծ դրսևորել դատավարության մասնակիցների վրա, մինչդեռ գործում որևիցե նման ապացույց չկա, ամեն դեպքում մինչ օրս ոչ ոք չի եկել ու հայտարարություն չի տվել, թե Կարեն Արայանը իր դեմ որևիցե ոտնձգություն է կատարել: Ես վերջին երեք դատական նիստերին մասնակցել եմ, և դերասանուհին դրանցից ոչ մեկին ներկա չի գտնվել: Ներկա չի եղել նաև նրա ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը, որին դատարանն արդեն զրկել է ներկայացուցչի կարգավիճակից: Դատական նիստերը նույն պատճառաբանություններով շարունակվում են հետաձգվել, իսկ իմ պաշտպանյալը գտնվում է կալանքի տակ` իր խախտված իրավունքներով: Ամեն դեպքում գործով հաջորդ` հուլիսի 4-ին նշանակված դատական նիստում միջնորդություններ են արվելու, որոնց վերաբերյալ կայացվելիք դատարանի որոշումները չի բացառվում, որ բեկումնային նշանակություն կունենան գործի ելքի համար:
Հ.Գ. Հիշեցնենք, որ դերասանուհու նախկին ընկերը ձերբակալվել էր 2011 թվականի հոկտեմբերի 5-ին… Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 144 (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) և 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով:
Ըստ տարածված որոշ այլ տեղեկությունների` Անժելա Սարգսյանի միջոցով «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը փորձել է ճանկել մի բավական լուրջ ուժ: Մասնավորապես, կրոնական այս կազմակերպությունը օգտվում է պրովայդերական կապից, ինչը նշանակում է, որ այդտեղից կարող են այլ անձանց փոստերից ինչ-որ բաներ տարածել և այդ կերպ նրանց շանտաժի ենթարկել ու գումարներ կորզել: Ըստ որոշ տեղեկությունների` Կարենի հետ նույն բանն է եղել: Շանտաժ են անում, ով ընկնում է դրա մեջ` վճարում է, ով չի համաձայնում ենթարկվել շանտաժի` նրա հետ Արայանի պես են վարվոմ: Իսկ Արայանի ետևում, ինչպես հայտնի է, լուրջ ուժեր են կանգնած` կրիմինալ աշխարհի ներկայացուցիչներ: Տեղեկություններ կան, որ նման կերպ Կարենի միջոցով «Կյանքի խոսքը» կարող էր շատ բաներ կորզել:










































