Հնդկաստանում երեխայի փրկելուն ուղղված ամենաերկարատև գործողությունն ավարտվել է անհաջողությամբ: Ինչպես կիրակի օրը հաղորդել է NDTV-ին, չորեքշաբթի օրը ջրհորն ընկած աղջիկը մահացել է:
Մահի անունով չորսամյա աղջիկը չորեքշաբթի երեկոյան ընկերների հետ խաղացել է Մանեսար քաղաքի թաղամասերից մեկում, երբ հանկարծ ընկել է մոտ 20 մ խորության ջրհորը:
Չորեքշաբթի երեկոյան սկսվել էին փրկարարական աշխատանքները: Հնդկական հեռուստաալիքը հետևում էր աշխատանքների ընթացքին: Փրկարարական աշխատանքներին մասնակցել է մոտ 100 մարդ: Ջրհորի մեջ թթվածին էին լցնում, որպեսզի երեխան չխեղդվեր: Աղջնակի ձայնը լսվել է մի քանի ժամ, ապա նա լռել է:
Կիրակի օրը մոտ 85 ժամ տևած աշխատանքներից հետո հաջողվում է աղջկան հանել ջրհորից և տեղափոխել հիվանդանոց, սակայն բժիշկները հայտնել են աղջկա մահվան մասին:
Իշխանությունները մտադիր են քրեական գործ հարուցել ընդդեմ հողատարածքի սեփականատիրոջ, ով, հակառակ պահանջներին, ջրհորը փակած չի եղել:








































