«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ժողովրդավարության անվտանգության և զարգացման հայկական կենտրոնի փորձագետ, ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ Մարթա Այվազյանը:
– Ռուսաստանի Հարավային զինվորական օկրուգի մամուլի քարտուղար, գնդապետ Իգոր Գորբուլը օրերս հայտարարել է, որ մինչև այս տարվա վերջ Ռուսաստանը կրկնապատկելու է Հայաստանում գտնվող իր ռազմակայանի պայմանագրային զինծառայողների թիվը՝ նշելով, որ նպատակը Ռուսաստանի Հարավային զինվորական օկրուգի զորամասերի, այդ թվում՝ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի մարտունակության բարձրացումն է: Ըստ Ձեզ՝ ո՞րն է իրական նպատակը և տարածաշրջանային ի՞նչ զարգացումների կարող է հանգեցնել:
– Ռուսաստանը վերջին տարիների ընթացքում հետևողականորեն իրականացնում է իր սահմանային գոտու պաշտպանական համակարգի ամրապնդման և հնարավոր սպառնալիքներն իր սահմաններից հնարավորինս հեռացնելուն ուղղված քայլեր: Դեռ 5 տարի առաջ Ռուսաստանի կողմից ԵՍԶՈւ պայմանագրին իր անդամակցության սառեցումը, ինչը ՌԴ-ին հնարավորություն տվեց անտեսել ըստ գոտիների այդ պայմանագրով սահմանված սովորական զինված ուժերի թվաքանակներն և չենթարկվել համապատասխան վերահսկողական մեխանիզմներին, ինչպես նաև Հայաստանում ռուսական ռազմակայանի պայմանագրի երկարաձգումը 49 տարով և, մասնավորապես, Հայաստանի անվտանգության հարցերին առնչվող որոշումների կայացմանը մասնակցելու հնարավորությունը, ինչը նոր պայմանագրով տրված է ՌԴ-ին, այդ համալիր ծրագրի բաղկացուցիչ մասերն են:
Նույնը վերաբերում է նաև Հայաստանում գտնվող ռազմակայանի պայմանագրային զինծառայողների թվի կրկնապատկմանը, ինչն, ինչպես նշել է ռուս պաշտոնյան, նպատակ է հետապնդում Ռուսաստանի Հարավային զինվորական օկրուգի զորամասերի մարտունակության բարձրացում: Թե ինչպես է Հայաստանը դարձել Ռուսաստանի Հարավային զինվորական օկրուգի բաղկացուցիչ մաս, այլ հարց է, բայց ինքը գործընթացը նոր չէ և բնականաբար ծառայում է Ռուսաստանի շահերի պաշտպանությանը: Այն պայմանավորված է ինչպես տարածաշրջանում ԱՄՆ և ԵՄ կողմից տարեցտարի ավելի ակտիվ գործունեության ծավալմամբ և այդ գործընթացը հնարավորինս սահմանափակելու Ռուսաստանի ցանկությամբ, այնպես էլ կովկասյան այնպիսի գործընթացներով, ինչպիսիք են թե Լեռնային Ղարաբաղի խնդիրը, թե ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցը և դրա հնարավոր ազդեցությունը տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության և դիրքերի վրա, և վերջապես` տարածաշրջանային ավելի լայն ենթատեքստում ընթացող գործընթացներով, մասնավորապես Պարսկաստանի և Սիրիայի շուրջ հնարավոր զարգացումներով: Թե ինչ ազդեցություն կարող է ունենալ այս զարգացումը տարածաշրջանային գործընթացների վրա երկարաժամկետ տեսակետից, դժվար է կանխագուշակել, բայց այն արդեն իսկ ավելացնում է լարվածությունը տարածաշրջանում: Նաև կարող եմ ասել, որ, ընդհանուր առմամբ, այս պահին Ռուսաստանի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ ռազմական ներկայության ծավալը և դրա ազդեցության աստիճանը Հայաստանի վրա անհամատեղելի են դառնում մեր ինքնիշխանության հետ, ինչն ինքնին խոչընդոտ է մեր տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և զարգացմանը:
– Ըստ Ձեզ, սա որքանո՞վ է կապված Ադրբեջանի կողմից վերջին շրջանում իրականացված դիվերսիայի հետ: Հնարավո՞ր է՝ այս ճանապարհով ՌԴ-ն մեսիջ է ուղարկում Ադրբեջանին և Թուրքիային:
– Հաշվի առնելով, որ ռազմական, պաշտպանական ոլորտին վերաբերող, ներառյալ զինված ուժերի տեղաշարժի, տեղակայման հետ կապված որոշումները այդպիսի արագությամբ չեն ընդունվում, ես չէի կապի այդ որոշումն Ադրբեջանի կողմից վերջին շրջանում իրականացված դիվերսիայի հետ: Չնայած այս որոշումն իր մեջ պարունակում է մեր հարևաններին զսպելու որոշակի էլեմենտ, այն, այնուամենայնիվ, պայմանավորված է նախևառաջ տարածաշրջանում ռուսական ներկայության ամրապնդման և ազդեցության լծակների ուժեղացման քաղաքականությամբ, ՌԴ կողմից հենց իր անվտանգության համակարգի ուժեղացման և արդիականացման ծրագրերով, և, ինչպես նշեցի, տարածաշրջանային ավելի լայն ենթատեքստում, մասնավորապես Պարսկաստանի և Սիրիայի շուրջ հնարավոր զարգացումների վրա իր ազդեցության ուժեղացմամբ, այլ ոչ թե Հայաստանի անվտանգության ապահովմամբ:
– Տեսակետ կա, որ հայ-ադրբեջանական պատերազմի պարագայում Ռուսաստանի աջակցությունն Ադրբեջանին բացառված է: Որքանո՞վ է այդ տեսակետն արդարացված:
– Տեսանելի, հրապարակային աջակցությունը քիչ հավանական է` հաշվի առնելով գոյություն ունեցող պայմանագրային պարտավորությունները, անդամակցությունը միևնույն անվտանգության համակարգին: Սակայն, նախ, ես համոզված եմ, որ թե՛ տնտեսական և թե՛ ռազմական հարցերում ղեկավարվելով միմիայն իր շահերով` Ռուսաստանը, նպատակահարմարության դեպքում, հեշտությամբ կգտնի մեզ համար անտեսանելի և անվերահսկելի ճանապարհներով Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրելու հնարավորություն, երկրորդ` Ռուսաստանը միանշանակ կօգտագործի ստեղծված իրավիճակն Ադրբեջանի հետ քաղաքական առևտրի մեջ մտնելու և տարածաշրջանային հարցերում ու գործընթացներում իր շահերին համապատասխանող պայմանավորվածություններ և համաձայնություններ ձեռք բերելու նպատակով, և, հետևաբար, Հայաստանին տրամադրվող աջակցության և ծավալը, և որակը անմիջականորեն կախված կլինեն այդ առևտրի արդյունքներից:
– Ռուս ռազմական փորձագետներից ոմանք միանգամայն հնարավոր են համարում, որ հայ-ադրբեջանական սահմանի վրա իրավիճակի սրման դեպքում Հայաստանին որպես դաշնակից «օգնելու» համար Ռուսաստանը կարող է ներխուժել Վրաստան: Որքանո՞վ եք հավանական համարում նման սցենարը:
– Հայաստանին «օգնելու» նպատակով Վրաստան ներխուժելու սցենարն ինձ համար անհավանական է: Դա նվազագույնը կլինի միջազգային իրավունքի մի շարք հիմնարար նորմերի և սկզբունքների կոպիտ խախտում, եթե չասենք ուղղակի պատերազմական գործողություն Վրաստանի դեմ, ինչին Ռուսաստանը հազիվ թե գնա Հայաստանին «օգնելու» նպատակով: Նման անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կարող է միայն դիմել Վրաստանի իշխանություններին տարանցիկ ճանապարհ տրամադրելու խնդրանքով: Ռուս ռազմական փորձագետների նման հայտարարությունները ավելի շուտ սադրանք են` միտված որոշ չափով Հայաստանի և Վրաստանի միջև լարվածության գեներացմանը, ինչպես նաև Վրաստանի վրա ճնշում գործադրելու հավելյալ միջոց, քան գործողությունների ծրագիր:








































