Կնուտ Համսունը (1859-1952) նորվեգացի լավագույն արձակագիրներից է, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1920): Կ.Համսունը բազմիցս հանդես է եկել նաև որպես հրապարակախոս, գրաքննադատ, կարդացել է նաև դասախոսություններ Ֆլոբերի, Դոստոևսկու, Սթրինդբերգի և այլոց մասին: Խստորեն քննադատել է Հ.Իբսենին և Բ.Բյորնսոնին, կշտամբելով նրանց «սկանդինավյան գավառականության» համար: Նա նաև «Ամերիկայի հոգևոր կյանքը» պամֆլետի, ինչպես նաև մի շարք ուղեգրությունների հեղինակ է, որոնցից մեկն էլ «Մահիկի երկրում» գիրքն է, որից էլ հատվածներ ենք ներկայացնում ընթերցողին:
«Մահիկի երկրում» գրքից
Թուրքը
(հատված)
Ահա արդեն երեք հարյուր տարի է, որ թուրքը հետ է գնում: Մի ժամանակ այլ էր: Մեծ սուլթանն առաջնորդում էր բազում անդիմադրելի հորդաները, և բավական էր, որ նա ոտքը գետնին խփեր, և ողջ Եվրոպան սարսափից դողում էր: Նա հասել էր մինչև Վիեննա: Աշխարհի մեծ մասը պատկանում էր նրան, և երբ նա խոսում էր, «երկիրը պապանձվում էր»: Մեր ապուպապերը դողում էին նրա առջև: Ստամբուլը ողջ աշխարհի կենտրոնն էր, մշակույթի օրրանը: Բնահողը բարենպաստ էր շինությունների համար, և դեռևս հռոմեացիները այստեղ հիասքանչ տաճարներ, թատրոններ, ապարանքներ, արձաններ, բաղնիսներ կառուցեցին, ժամանակի ընթացքում քաղաքն ավելի ու ավելի էր հարստանում գանձերով և թանկարժեք իրերով, որոնք բերվում էին հաջող պատերազմներից հետո Հունաստանից, Իտալիայից և Եգիպտոսից. այստեղ էին հավաքվում արվեստագետներ և գիտնականներ Կենտրոնական Արևելքից, Եգիպտոսից և Արաբիայից, այստեղ հիմնադրվում էին բարձրագույն դպրոցներ, թանգարաններ, գրադարաններ, հաղթակամարներ, մզկիթներ, սյունազարդ պատկերասրահներ և աշտարակներ: Իսկ սուլթանը նստած էր հիասքանչ ապարանքում, և ոչ ոք չէր համարձակվում դրան հակառակվել: Այո, դրանք փայլուն ժամանակներ էին Ստամբուլի համար: Բայց երբեմն պատահում էր, որ այդպիսի հզորությունը ղեկավարի ուժերից վեր էր լինում, այդժամ նա շուրջբոլորն էր զննում և տեսնում էր, որ շատ հեռու է գնացել: Նա հրաման էր արձակում, որ ոչ ոք իր հետ չխոսի և ոչ ոք չհետևի իրեն: Ո՞ւր էր նա գնում: Նա իջնում էր իր այգիները, որպեսզի այնտեղ իր սիրտը բանա Ալլահին, նա գնում էր դերվիշների մոտ, որպեսզի պարերի մեջ նսեմացնի իր արժանապատվությունը, գնում էր լեռները` մենաստանները, քուրձ էր հագնում և զօր ու գիշեր պահքի մեջ էր, թեպետ աշխարհի մեծ մասի տիրակալն էր: Դրանից հետո ժամանակները փոխվել են, Թուրքիայի հզորությունը այլևս ոչ մի սուլթանի չէր ճնշում: 17-րդ դարից սկսած Թուրքիան հետ է գնում. սարսափազդու ռազմատենչ ժողովուրդը թաղվեց երազների մեջ: Բայց այդուհանդերձ Թուրքիան մի ժամանակ ամենահզոր տերություններից մեկն էր: Իսկ հետո վրա հասավ այն օրը, երբ «բարբարոս» տերությունները կարողացան, վերջապես, կատակ խաղալ սուլթանի գլխին, այդ ամենազոր սուլթանի, որից ոչ ոք այլևս չէր վախենում, ում այժմ բոլորը շահագործում էին` անզորության տիրակալին: Գիտական կյանքն ու արվեստները Ստամբուլում անկում ապրեցին, շինությունները խարխլվեցին, իսկ թուրք սուլթանն իր հիասքանչ ապարանքում նստած էր «իբրև հիվանդ մարդ»: Եվ արդեն մեր ապուպապերը ոգեպնդվեցին, մոտենում էր Թուրքիայի հզորության վերջը: Եվ մեր ծնողները հաճույքից ձեռքները շփելու հիմք ունեին: Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը միավորվեցին ու ջնջեցին թուրքերին: Մենք տեսանք, թե ինչպես Թուրքիան կորցրեց իր հզորության մնացորդները: Եվ այդուհանդերձ, Թուրքիան երկրի երեսին ամենահզոր պետություններից մեկն է: Նրա իշխանության տակ 40 միլիոն մարդ կա: Եվ նա անսպառ հարստությունների տեր է: Եվ ունի Մոհամեդի անհողդողդ ուսմունքը:
Երբ սուլթանները տեսան, որ իրենց երկիրն ավելի ու ավելի անկում է ապրում, նրանցից շատերը սուզվեցին մռայլ խորհրդածությունների մեջ, մյուսներն անցկացնում էին իրենց օրերը տոնախմբություններում և հարբեցողությամբ ու անառակությամբ էին տարվում:
Ոմանք համարձակվեցին պատերազմ մղել, երբ Եվրոպան մտադրվեց չափազանց սպառնալ նրանց հզորությանը և ուզում էր միահամուռ ուժերով մահիկից խլել նրա տարածքները: Սակայն թուրքերն ի վիճակի չէին հաջող դիմադրելու: Նրանք հերոսաբար մարտնչում էին վայրի գազանների պես, սակայն ինչի՞ կարող էին հասնել իրենց կեռ թրերով ու նիզակներով: Սարսափազդու հեռահար թնդանոթները թռցնում էին նրանց գլուխները: Նրանք չէին նահանջում, նրանք գրոհում էին, բայց պարտվեցին: Աբդուլ Համիդ 2-րդը լուրջ պատերազմ ժառանգեց: Իր գահ բարձրանալու տարում նա պետք է պաշտպանվեր Ռուսաստանից: Նա պարտվեց: Նա պարտություն կրեց, ինչպես և նրա շատ ու շատ նախնիները: Եվ ի՞նչ պատահեց թուրքական հորդաների հետ: Մի՞թե նրանք չէին հասել մինչև Վիեննա: Մի՞թե խալիֆը պիտի մշտապես պարտություն կրեր: Մի՞թե մարգարեի ոգին լքել է նրան: Ոչ մի դեպքում, մարգարեի ոգին թևածում է նրանց վրա, և Պլևնայում թուրքերը հրաշագործություններ գործեցին: Մի քանի խելահաս թուրքեր Աբդուլ Համիդին ներշնչեցին, որ հարկ է կեռ թրերը փոխարինել ավելի կատարելագործված զենքով: Եթե մարգարեն մի ժամանակ հաղթանակներ էր տանում, ապա դրա պատճառն այն էր, որ Ալլահի անձնական օգնությունից բացի, նա օգտվում էր իր ժամանակի լավագույն զենքից: Եվ այլ կերպ ինչպես կարող էին խալիֆներն ավելի ուշ շրջանում իրենց ենթարկել Արաբիան, գրավել Սիրիան, Պաղեստինը, Միջագետքը, Պարսկաստանը, Եգիպտոսը, Հյուսիսային Աֆրիկան, Իսպանիան, Սիցիլիան և ներխուժել Ֆրանսիա: Արդյո՞ք դա տեղի ունեցավ Նեղոսյան եղեգի օգնությամբ կամ թե Սահարայի անապատի ավազապարկերով: Դա պատահեց սրի շնորհիվ, աշխարհում լավագույն սրի: Պատերազմը ռուսների դեմ Աբդուլ Համիդի համար դաս եղավ: Նա վերակազմակերպեց զորքը և նրան զինեց ժամանակակից զենքով: Նա հրավիրեց Եվրոպայի լավագույն ուսուցիչներին, որպեսզի նրանք այդ զենքից օգտվել սովորեցնեն: Սկզբում նա բարենորոգիչ էր ոչ թե հակվածությամբ կամ ցանկությամբ, այլ անհրաժեշտաբար: Սակայն ոչ միայն կարիքը բացեց ինքնահավան ասիացու աչքերը: Չէ՞ որ ասիացին հավատում է Աստծուն և Աստծո մեծ մարգարեին, ուրեմն նա ինչպե՞ս կարող է անհաջողություններ կրել: Բանն այն է, որ Եվրոպան չափազանց ուժեղացավ, և թուրք սուլթանը հարկադրված էր փոխել ողջ իր հայեցակարգը և նորամուծություններ կիրառել արդեն այն տարիքում, երբ ասիացին այլևս դադարում է զարգանալ:
Եվ բազում ուղղափառ թուրքեր մինչև այսօր գլուխ են ջարդում, թե ինչու իրենց փադիշահը չջախջախեց Եվրոպան, այլ փոխարենը, նրանցից զենք և այլ բաներ վերցրեց: Ի՞նչ կաներ նրա փոխարեն Սուլեյման-Կայծակը: Ավաղ, ուղղափառ թուրքը չի հասկանում, թե ինչ վատ են իր փադիշահի գործերը: Ահա նստած են երեք, չորս հզոր օտարերկրացի Պերայում` իրենց ապարանքներում և որոշում են, թե ինչ պետք է անի փադիշահը: Եվ վայ նրան, եթե նա չկատարի իրենց պահանջները: Ահա այսպիսի բաներ:
***
Ղուրանի տարածման հետ մեկտեղ, նրա համակիրների թիվն ավելի ու ավելի աճեց, դարձավ զանգվածային և հզոր: Հենվելով այդ հզորության վրա, Մուհամեդը սկսեց գործել ուժով ուժի դեմ. նրան հայտնություն էր տրվել, որ իսլամը պետք է տարածվի զենքի ուժով: Չէր հասցրել նա ուշքի գալ ուժգին էպիլեպտիկ նոպայից հետո, երբ մարգարեական ձայնով հռչակեց այդ ուսմունքը: Ալլահը շատ մարգարեներ է ուղարկել. Հիսուս Քրիստոսը նրանցից մեկն է: Նա արդար, անշահախնդիր կյանք է վարել, հրաշքներ է գործել և այդուհանդերձ այդ ամենը միասին վերցրած մարդկանց չուղղեց: Ինձ` Մուհամեդին, վերջին մարգարեին, Ալլահը ուղարկեց թրով: Եվ որքա՞ն այդ ամենը պիտի արաբների ճաշակով լիներ, այդ ի ծնե ռազմիկների և անապատի ավազակների, երբ հենց Աստված էր թույլ տվել և նույնիսկ հրամայել մարտ մղել: Եվ պատերազմը սկսվեց: Մուհամեդը գրավեց Մեքքան, իրեն ենթարկեց մերձակա հրեական և արաբական ցեղերին, հռոմեացիների դեմ Սիրիայում հաղթանակ տարավ: Մուհամեդը մահացավ, իսկ պատերազմը շարունակվում էր, ամենուր սփռվում էր իսլամը, պատերազմի վերջը չէր երևում: Մուսուլմանական ռազմիկի առանձնահատկությունն այն էր, որ նա մարտի էր գնում ցնծագին, ազատ, իր վրա իշխանություն չզգալով, գլխի մեջ այլ բան չունենալով, քան միայն այն, որ պիտի թշնամուն հաղթանակի: Իր թափած ամեն մի կաթիլ արյան համար նա առատորեն կվարձատրվի անդենական կյանքում: Եթե նա ողջ մնա, նա պիտի ընծայի սպասի, իսկ եթե զոհվի մարտում, նա ուղիղ գծով դրախտ կգնա: Ղուրանը մանրակրկիտ նկարագրում է այդ բարեկեցությունը:
Մուհամեդը հիանալիորեն հասկանում էր իրենց պահպանող զինվորների և խիզախորեն կենաց ու մահվան պայքարի գնացող զորքի տարբերությունը, գիտակցելով, որ ամեն ինչ արդեն ճակատագիրը կանխատեսել է: Կանխորոշման հավատը պետք է կույր կարգ ու կանոն ստեղծեր և հավետ կանխեր դժգոհությունն ու զորքի բարոյալքումը, ինչը որ նախապես հաշվարկել էր Մուհամեդը: Մուհամեդը առանձնապես մեծ զորավար չէր համարվում, բայց փոխարենը նա փայլուն ռազմական տեսաբան էր: Որպեսզի պատերազմին գլխավորագույն նշանակությունը պարգևի, նա չվախեցավ նույնիսկ շաբաթը պղծել: Եվ նա համարձակվեց գնալ այդ քայլին, երբ իր հեղինակությունը դեռ չէր հաստատվել:
Հունաստանին հաղթանակելուց հետո բերկրանքը պատեց Արևելքը և միաժամանակ աճեց ատելությունն անհավատների հանդեպ: Քրիստոնեական տերությունների գործողություններն Արևելքում հրահրում են ատելությունը: Մի գեղեցիկ օր այն կարող է բռնկվել շողշողուն հրով: Քրիստոնեական տերությունները դրան թեթևամտորեն են վերաբերվում. ոչ մի երկիր չի կարող մարտնչել Եվրոպայի դեմ, նրան հազիվ թե հաղթանակի ողջ մնացյալ աշխարհը: Բայց հրդեհն Արևելքում կարող է պատճառը լինել այն բանի, ինչից վախենում է ողջ մարդկությունը, այսինքն` համաշխարհային հրդեհի: Կրակի հետ խաղ չեն անում: Իսկ եթե նրա հետ խաղ են անում, ապա շատերը պետք է դրան մասնակցեն: Նա, ով այն վառում է, պետք է լինի ոչ ոք: Խոսում են այն օրվա մասին, երբ Ռուսաստանը կմտնի Կոստանդնուպոլիս: Բայց շատ հնարավոր է, որ Ռուսաստանը երբեք էլ չմտնի Կոստանդնուպոլիս: Երբ պետությունը շատ է ընդարձակվում, ինքը ճակատագիրը կոտորակում է այն մասերի և բաժանում է գրավված երկրները: Եվրոպայից է կախված, թե որտեղ կլինեն Ռուսաստանի սահմանները, և տարօրինակ է` դա մասամբ կախված է նաև հենց Արևելքից:
Թարգմանությունը`Վարդան Ֆերեշեթյանի








































