Ադրբեջանական Defence.az կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ռազմական ծախսերը շարունակում են աճել: Այդ համատեքստում Ադրբեջանն ուժեղացված տեմպերով մեծացնում է իր ռազմական բյուջեն ու սպառազինությունը: 2004-2007 թվականներին Ադրբեջանն Ուկրաինայից գնել է 80,000 միավոր զենք:
2003-2008 թվականներին Ադրբեջանին զենքի հիմնական մատակարարներ են հանդիսացել Ուկրաինան (364 միլիոն դոլար), Ռուսաստանը (128 միլիոն դոլար) և Վրաստանը (108 միլիոն դոլար): Ստոկհոլմում գործող Խաղաղության ուսումնասիրման միջազգային ինստիտուտի` SIPRI-ի տվյալներով, 1998-2007 թվականներին Ադրբեջանի ընդհանուր ռազմական ծախսերն ավելացել են գրեթե 554 տոկոսով, իսկ 2006 թվականին այդ ծախսերը գործնականում կրկնապատկվեցին՝ նախորդ տարվա համեմատությամբ և հասան 625 միլիոն դոլարի:
Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ՝ եթե 2004 թվականին Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմել են 170 միլիոն դոլար, ապա 2008 թվականին արդեն այդ ցուցանիշը հասցվել է 1.5 միլիարդ դոլարի: 2011 թվականին Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմել է 2 միլիարդ 511 միլիոն մանաթ (2.8-3 միլիարդ դոլար):
Դա նշանակում է, որ նախորդ տարի 2010 թվականի համեմատությամբ Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելացել է 1 միլիարդ 187 միլիոն մանաթով: 2012 թվականին պետբյուջեի ծախսերի 14.8 տոկոսը հատկացվել է պաշտպանությանը: Այս տարի բանակի ամրապնդմանը հատկացվել է մոտ 3 միլիարդ մանաթ, ինչը մոտավորապես հավասարազոր է 3 միլիարդ եվրոյի: Դա գրեթե 2 տոկոսով գերազանցում է 2011 թվականի ցուցանիշը:
Ադրբեջանի պաշտպանական ծախսերի հետազոտությունը ցույց է տալիս, որ դրանց մեծ մասը գլխավորապես ուղղվել է սպառազինության գնմանն ու ռազմական արդյունաբերության զարգացմանը: Վերջինս արդեն իսկ արտադրում է ռազմա-տեխնիկական նշանակության ավելի քան 400 արտադրանք:
Ռազմական ծախսերի կապակցությամբ Ադրբեջանի տարածաշրջանային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը պատրաստել է «Ադրբեջանի սպառազինություն 2012» խորագրով հաշվետվությունը: Այդ փաստաթղթում, հղում կատարելով պաշտոնական տեղեկատվությանը, 2007-2012 թվականներին ռազմական ծախսերի կտրուկ մեծացման երկու պատճառ է մեջբերվում:
Դրանցից մեկը ղարաբաղյան հակամարտության պատճառով կորսված հողերը վերադարձնելու մղումն է, իսկ երկրորդը՝ խորհրդային ժամանակներից զինված ուժերի կազմում գտնվող ռազմական տեխնիկայի թարմացումն ու գնումն է՝ զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափորոշիչներին համապատասխանեցնելու համար: Սակայն կա ևս մեկ պատճառ, որը նշել են այդ հետազոտությանը մասնակցած անկախ փորձագետները:
Նրանք ռազմական ծախսերի կտրուկ մեծացման հիմնական պատճառներից մեկը համարում են կոռուպցիոն նպատակները: Նրանց կարծիքով, հաշվի առնելով այն, որ այդ միջոցները գաղտնիացված են, դրանց մեծ մասի պարագայում այդ գումարները ծախսվում են կոռուպցիոն նպատակներով:
Այն հանգամանքը, որ ռազմական ծախսերը և մասնավորապես սպառազինության վրա վատնվող գումարները փակ են հասարակության համար, բացակայում է այդ ծախսերի շուրջ խորհրդարանին հաշվետվություն ներկայացնելու որևէ մեխանիզմ, փակ տենդերների անցկացումը և այլ դեպքերը խոչընդոտում են այն կարծիքի ձևավորմանը, որ պաշտպանական ծախսերը, հիրավի, ծառայում են բանակին անհրաժեշտ սպառազինության ու ռազմական տեխնիկայի գնմանը:
Փաստաթղթում նշված է, որ ըստ պաշտոնական տեղեկատվության՝ վերջին 10 տարիներին Ադրբեջանը զենք ու ռազմական տեխնիկա է ներկրել 10 երկրներից: Այդ երկրների թվում են Իսրայելը, Թուրքիան, Ռուսաստանը, Ուկրաինան, Լեհաստանը, Բելառուսը և այլն:
Ավելին՝ որոշակի փորձեր են արվել ԱՄՆ հետ Ադրբեջանի ռազմա-տեխնիկական համագործակցության բարելավման ուղղությամբ: 2006-2011 թվականներին Ադրբեջանն ԱՄՆ-ից գնել է Cummins-6v տիպի 60 միավոր շարժիչ, ինչպես նաև Falcon II տիպի ռադիոկայաններ, որոնց քանակը, սակայն, չի նշվում:
Փորձագետները, դիտարկելով վերջին 5-7 տարիներին Ադրբեջանի գնած զենքերն ու ռազմական տեխնիկան, եկել են այն եզրակացության, որ Ադրբեջանի սպառազինման գլխավոր նպատակը թշնամու ռազմավարական նշանակետերի ակնթարթային ու ճշգրիտ ոչնչացումն է, ամենասկզբից թշնամուն ուժեղ և անուղղելի հարվածներ հասցնելը և կարճ ժամանակահատվածում ռազմական օպերացիան ավարտելը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ռազմական արդյունաբերությանը, ապա փաստաթղթում նշված է, որ ներկայումս դրա զարգացման գործընթացում ներգրավված են ՆԱՏՕ-ի անդամ 5 երկրներ՝ Թուրքիա (15 ընկերություն), ԱՄՆ (3 ընկերություն), Լեհաստան (1 ընկերություն), Ֆրանսիա (1 ընկերություն) և Չեխիա (1 ընկերություն): Չպետք է մոռանալ նաև Իսրայելի ու ՀԱՀ-ի մասին:
Դա նշանակում է, որ Ադրբեջանի ռազմական արդյունաբերության զարգացման գործընթացում ներգրավված 10 երկրներից (մյուս երեք երկրներն են Բելառուսը (1 ընկերություն), Պակիստանը (1 ընկերություն) և Հորդանանը (2 ընկերություն)) 7-ի ընկերություններն աշխատում են ՆԱՏՕ-ի չափորոշիչներով:
Հետազոտությունը ցույց է տվել, որ Ադրբեջանը նախապատվությունը տալիս է գլխավորապես հարձակողական զենքի, մարտունակ ծանր տեխնիկայի, անօդաչու թռչող սարքերի, դիտարկման ու վերահսկման համակարգերի արտադրությանը: Անկասկած է, որ լուրջ աշխատանքներ են տարվում նաև զինված ուժերում առկա սպառազինության արդիականացման ուղղությամբ, և որ այդ հարցում հիմնական օգնողները Թուրքիան ու Իսրայելն են:
Մի շարք փորձագետներ կարծում են, որ պաշտոնական Բաքուն դեռ պետք է շատ աշխատի իր ռազմական արտադրանքի որակի բարելավման ուղղությամբ, քանի որ Ադրբեջանում արտադրված զենքի ու ռազմական տեխնիկայի որակը դեռ չի համապատասխանում ժամանակակից չափորոշիչներին:
Փորձագետները կանխատեսում են, որ առաջիկա տարիներին Ադրբեջանն իր ռազմա-տեխնիկական համագործակցությունն ուժեղացնելու է նվազագույնը 5 երկրի հետ (Թուրքիա, Իսրայել, ՀԱՀ, Ուկրաինա, Ռուսաստան): Բացի այդ, նրանք կանխատեսում են, որ Ադրբեջանը մոտ ժամանակներս մի շարք երկրներից գնելու է զենիթա-հրթիռային համալիրներ, մարտական մեքենաներ, անօդաչու թռչող սարքեր և այլն:
Սեփական ռազմական արդյունաբերության հետ կապված ակնկալվում է, որ այս տարեվերջին կսկսվի 85-155 միլիմետր տրամաչափի մարտական արկերի արտադրությունը, իսկ 2014 թվականից սկսած՝ Ադրբեջանը կարտադրի ռազմանավեր:









































