«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
– Անուշ, ինչպե՞ս եք գնահատում ԱԺ 5-րդ գումարման առաջին օրերը և ընդդիմադիր խմբակցությունների գրեթե սինխրոն քվեարկությունները:
– Բավականաչափ հետաքրքիր ուժերի դասավորվածություն է: Վերջապես սկսել են այլընտրանքներ հանդես գալ, ընդ որում՝ ոչ թե ընդդիմադիր, այլ պրոֆեսիոնալ այլընտրանքներ: Այս առումով բավականաչափ պրոֆեսիոնալ երանգավորում ունեին Հրանտ Բագրատյանի ելույթը, որտեղ վերջինս կոնկրետ հարցադրումներ արեց, Ալիկ Արզումանյանի ելույթը կառավարության ծրագրի մասին, Ռուբեն Հակոբյանի խոսքը, այսինքն՝ ամեն մեկը վերցրեց և քննարկեց մի պրոֆեսիոնալ ասպեկտ, և կառավարության ծրագիրը իր բոլոր ակնհայտ թերություններով դարձավ ավելի թափանցիկ, քանի որ եթե քննադատությունը կոնկրետ է, ապա ծրագրերի ամբողջ կառուցվածքն ավելի թափանցիկ է: Իշխող խմբակցությունն էլ պնդում է, որ նախորդ կառավարման համակարգում եղել են թերություններ, և եթե կառավարության կազմը գրեթե նույնն է, ապա ինչո՞ւ մարդիկ չեն պատժվում իրենց կատարած նախորդ սխալների համար, քանի որ կամ հրահանգավորումն է եղել սխալ, կամ կատարումը: Եվ այդ դեպքում պետք է պատժվեն կամ հրահանգ իջեցնողները, կամ կատարողները: Եվ քանի որ որևէ մեկը չի պատժվել, բնականաբար կառավարության ծրագիրը ընդդիմության կողմից պետք է ենթարկվի քննադատության, որովհետև ծրագրի թերացումները թափանցիկ չեն քննադատվել կատարողների կողմից:
– Նախօրեի քվեարկությունն ի ցույց դրեց հետաքրքիր իրողություն. տեսակետ կա, որ ՀԱԿ-ՀՅԴ-«Ժառանգություն» կուսակցությունների փոքրաթիվ «դեմ» քվեները խժռեց ԲՀԿ-ն: Չե՞ք կարծում, որ ընդդիմության «դեմ»-ը ԲՀԿ-ն կարող է շատ լավ որպես իր «կողմ»-ն օգտագործել իր նպատակների՝ իշխանության հետ առևտրի, փայերի համար և մանավանդ 2013թ. ընտրություններին ընդառաջ:
– Ցավոք, ընդդիմությունն ընտրական թերի համակարգի շնորհիվ փոքրաթիվ է, լավ կլիներ, որ ավելի մեծաթիվ լիներ, բայց մոռանում ենք, որ այս անգամ խորհրդարան մուտք գործած ընդդիմությունը խիստ գաղափարական է՝ Կոնգրեսը, ՀՀՇ-ն, Դաշնակցությունը եղել են իշխանության գլուխ, «Ժառանգությունը» երկար ժամանակ եղել է խորհրդարանում, և նրանք երկար ժամանակ պատրաստված են, և եթե նրանց սինխրոն քվեարկությունը համընկել է ԲՀԿ դիրքորոշման հետ, ապա այստեղ ինչո՞ւ ենք մենք վերցնում այն հատվածը, որ ընդդիմությունը սպասարկում է ԲՀԿ-ին, միգուցե ընդունենք այսպիսի օպտիմիստական տարբերակ, որ եթե ԲՀԿ-ն ուզում է ներկայանալ իրական ընդդիմություն, կսպասարկի իրական ընդդիմությանը: Տվյալ դեպքում կառավարության ծրագիրն իսկապես թերի է, և նորմալ է, որ այստեղ ձայները համընկան, բայց ես չգիտեմ` ինչ կլինի հաջորդիվ, չէ՞ որ այստեղ խնդիրն իշխանական պրոյեկտների դեմ քվեարկելը չէ, այստեղ խնդիրը կոնստրուկտիվ որոշումներ փնտրել և գտնելն է: Այնուամենայնիվ, իրադրությունը կարելի է երկակի օգտագործման իրադրություն համարել:
– Այսինքն՝ ընդդիմությունն իր հերթին, ԲՀԿ-ն իր հերթին, իշխանությունն էլ իր հերթին կօգտագործե՞ն իրավիճակը:
– Այո՛, ինձ շատ դուր եկավ ձեր բաժանումը, որովհետև մենք առայժմ ունենք հենց այդպիսի՝ իշխանություն, ԲՀԿ, ընդդիմություն բաժանում խորհրդարանում:
– Այս իրողությունն արդյոք չի՞ մտահոգում ընդդիմադիր հատվածին, օրինակ՝ «Ժառանգությանը», որը որևէ ձևով նույնիսկ նախընտրական շրջանում չուզեց մտնել ԲՀԿ ծրագրերի մեջ և նպաստել քոչարյանական ռեանիմացիայի սկզբին:
– Ինձ թվում է՝ երբ մենք խոսում ենք քոչարյանական ռեանիմացիայի մասին, մենք պետք է ընդհանրապես անձերի համակարգը հանենք: Չկա սերժսարգսյանական, ռոբերտքոչարյանական տիրույթ, կա համակարգ, այդ համակարգի ներսում հնարավոր չեն տարաձայնություններ, այդ համակարգի ներսում հնարավոր է միայն պայքար գերակա դիրքի համար: Օրինակ՝ ընդունենք տան մեջ երկու անդամ կռվում են, դա չի նշանակում, որ մեկը իշխանություն է, մյուսը՝ ընդդիմություն, նշանակում է, նրանք ինչ-որ բան իրար հետ չեն կիսել, և ես չեմ կարծում ընդդիմության գործառույթն այն է, որ սկսի այդ երկու անձերին լավ և վատ տեսանկյունից քննարկել: Ընդդիմության խնդիրն է ցույց տալ, որ համակարգը մոնոլիտ է, համակարգը վտանգավոր է, և տա համակարգի դեմ պայքարի իր դեղատոմսը:
– Չե՞ք կարծում, որ այստեղ ընդդիմության համար մեծ ընտրություն կատարելու անհրաժեշտություն է առաջանում, և այդ ընտրությունը պետք է լինի կամ մեկի, կամ մյուս օգտին, քանի որ կողմերից մեկի գլխին Սերժ Սարգսյանն է, իսկ մյուսի՝ Ռոբերտ Քոչարյանը:
– Սա ինձ հիշեցնում է հետվերածննդի Եվրոպայի ներպալատական կռիվները, որտեղ կռիվներ էին թագավորի կամ գերակա ֆեոդալների, կամ թագավորի և թագավորական ընտանիքների անդամների միջև: Եվ թագավորական ընտանիքի անդամները, երբ վտարվում կամ զրկվում էին ինչ-որ լծակներից, նրանք կազմակերպում էին, այսպես կոչված, ընդդիմադիր շարժումներ և այդ ընդդիմադիր շարժումներին մեկ-մեկ միանում էր ժողովուրդը, ստացվում էր, որ մենք ունենում ենք բարի և չար թագավորների պայքար, որը շատ լավ երևաց Անգլիայի սպիտակ և կարմիր վարդերի պատերազմի ժամանակ: Բայց 19-րդ դարում Եվրոպայի ժողովուրդը միանշանակ յուրացրեց, որ եթե համակարգը կռվում է, ոչ թե ժողովրդի բարօրության համար է կռվում, այլ սեփական լիազորությունների և կերակրատաշտի: Այդ պայքարը կարելի է դիտել, գնահատել, բայց չի կարելի այն գաղափարականացնել և չի կարելի դրան մասնակցել: Եվ այն միտումը, որ այս պայքարը կարելի է օգտագործել հանուն ընդդիմության հաղթանակի` առավել քան միամիտ է, քանի որ միակ տարբերակը, որով այդ պայքարը կարելի է օգտագործել, այդ պայքարի իսկական բնույթը երևան հանելն է:
– Չե՞ք կարծում արդյոք, որ այս քվեարկությամբ շատ ավելի բարդ ընտրության առջև է կանգնում ընդդիմությունը: Իրականում առաջիկայում ամեն ինչ շարժվելու է դեպի նախագահական ընտրությունների պատրաստման փուլ, և ՀԱԿ-ի ձեռքով, մեծ հաշվով, փոշիացել են ընդդիմության կողմից դրամատիկ տրամադրություններ փոխելու հնարավորությունները՝ ընտրության հիմնական կողմերին թողնելով ՀՀԿ-ին և ԲՀԿ-ին:
– Ես այս դեպքում կցանկանայի մի քիչ ավելի սթափ դատեինք և հասկանայինք, որ հիմնական խաղացողների հավասարակշռությունը հսկվում է նաև դրսից: Եթե մենք խոսում ենք ժողովրդի ռեալ ընտրության մասին, ապա մենք հասկանում ենք, որ երկու դեպքում էլ ընտրությունը չի լինելու, ինչքան էլ սպասարկու մտավորականների և սպասարկու քաղաքական գործիչների մի ողջ բանակ փորձի երկու կողմից էլ այդ շարժումներին հաղորդել ինչ-որ ասպետականություն և գաղափարայնություն: Հաղթելու է այն կողմը, որը կրելու է ռեֆորմների պատասխանատվություն: Ակնհայտ է, որ նախորդ իշխանությունը բացարձակ քաղաքական կամք չի արտահայտել ռեֆորմիզացիա կատարելու համար. քոչարյանական իշխանության օրոք մենք «ռեֆորմ» բառը ընդհանրապես չէինք քննարկում, մենք ապրում էինք տնտեսական երկնիշ աճի մեջ, և Հայաստանում ամեն ինչ «շատ լավ» էր: Այժմ իշխանությունը գոնե արտահայտել է ռեֆորմ կատարելու պատրաստակամություն, որը` ա. թույլ է տալիս նրանից պահանջել հաշվետվություն այդ ռեֆորմների կատարման և չկատարման համար, բ. թույլ է տալիս այդ գործընթացը հսկել դրսից, և եթե այդ գործընթացը տապալվի, քաղաքական դաշտում հեշտությամբ կարող են հայտնվել այլ խաղացողներ, որոնք ոչ միայն կցանկանան, այլ ի զորու կլինեն այդ ռեֆորմներն իրականացնել:
– Շատ լավատես չե՞ք:
– Չէ՛, սա իրերի բնականոն զարգացումն է: Երեկ հեռուստացույցով ցույց էին տալիս, թե ինչպես մի քանի հոգի կոճղ էին գողացել և պետությանը պատճառել 280 հազար դրամի վնաս: Հիմա պատկերացրեք այսպիսի իրավիճակ՝ ձեր տուն գողեր են մտնում. մեկը գողանում է ողջ ոսկին, մյուսը՝ հեռուստացույցը, երրորդը՝ թավան: Մի՞թե ընկնելու եք թավա գողացողի հետևից: Ո՛չ, դուք փնտրում եք մեծ գողություն կատարողին, բայց այստեղ մեկ խնդիր է՝ պետությունը ընկալում ես իբրև սեփական տո՞ւն, թե՞ իբրև ուրիշի բոստան. եթե ընկալում ես իբրև ուրիշի բոստան, ապա քեզ համար մեկ է՝ ինչ են գողանում, և ձևի համար դու բռնում ես թավա գողացողին: Ես օպտիմիստ չեմ, բայց մեր երկրի տարածաշրջանային կարևորությունը այնքան բացահայտ է նույնիսկ ամենախավարամիտ քաղաքական վերլուծաբանին, մենք պետք է հասկանանք, որ տարածաշրջանային ապագա դերակատարման համար (մանավանդ Սիրիայի, Եգիպտոսի դեպքերից հետո) մեր աշխարհաքաղաքական դիրքն այնքան կարևոր է դառնում, որ կարևոր է նաև ներքին կարգը: Ես վստահ եմ՝ ով էլ ընտրվի Հայաստանի նախագահ, ուզած-չուզած կատարելու է բարեփոխումներ:
– Այնպիսի տպավորություն է, որ առաջիկա քաղաքական պրոցեսներում ընդդիմության համար գործելու սահմաններն ուղղակի անհետացել են և հիմնական պայքարը տեղափոխվել է երկրորդ և երրորդ նախագահների մրցապայքարի տիրույթ՝ Սերժ Սարգսյանի ընտրությանը այլընտրանք չթողնելով:
– Քաղաքական հայկական հերթական միֆը… մեզ մոտ մի ժամանակ այլընտրանք չկար ռուսներին, քանզի օրհնված էր այն «սապոգը», որ մտել էր Հայաստան, հետո այլընտրանք չկար հայկական խորովածին, հետո այլընտրանք չկար Արարատին, հետո այլընտրանք չկար հայկական ավանդական ընտանիքին: Մշակութային ինչքա՜ն առասպելներ կան, որ արդեն կարիք ունեն ապակառուցման: Քաղաքական գործիչը չի կարող չունենալ այլընտրանք, դա ցույց է տալիս, որ կամ Հայաստանում անհույս դիկտատուրա է, կամ Հայաստանում ապրում են ոչ կոմպետենտ, տխմար մարդիկ, որոնք ի զորու չեն արտադրել քաղաքական որոշակի կոնյունկտուրա: Ես այլ կերպ կմեկնաբանեմ՝ կա՞ արդյոք մարդ, որ ավելի շատ տնտեսական լծակներ ունի, քան նախագահը, իհարկե Հայաստանի ներկա համակարգի մեջ չկա նման մեկը, որի համար նույնպիսի էֆեկտիվությամբ աշխատեն: Բայց վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ այդ էֆեկտիվությունը խիստ նվազել է, այլևս չկա համատարած քվեարկություն, համատարած հպատակեցում, և շատ աչալուրջ են բոլոր այն մարդիկ, որոնք աշխատել են այդ ապարատի շրջանակներում, հսկելու են ինչպես է փոխվելու իրավիճակը և ո՞վ գիտի՝ ինչպիսին կլինի քվեարկությունը մի կես տարի հետո: Միանշանակ կարող եմ ասել, որ նախորդ կառավարման տարիներին բոլոր քաղաքական գործիչներին ներշնչել են մի բան՝ քաղաքական գործիչը պետք է հենվի կրիմինալի, փողի, բռնության, բայց ոչ երբեք սեփական ժողովրդի վստահության վրա, և ներկա դրությամբ Հայաստանում բոլոր քաղաքական գործիչները պարտված են, պարտված են Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, որովհետև որևէ մեկը չունի ժողովրդի ռեալ վստահություն և ռեալ քվե:
– Ավելի վատ վիճակո՞ւմ չենք, քան 2007-2008-ին:
– Ո՛չ, ավելի վատ վիճակում չենք, որովհետև հիմա արդեն ռեալիզմի ժամանակն է Հայաստանում, բոլոր կուռքերը ապակուռքացված են, բոլոր լծակները սպառված են, օգտագործված են, և Հայաստանում գործում է զրո ժամ, որից հետո կսկսվեն բացարձակ այլ քաղաքական գործընթացներ:











































