«Ընդամենը մի քանի օր առաջ «Կենտրոն» հեռուստատեսության այսօր արդեն նախկին տնօրեն Սերգեյ Ադումյանը հերքել էր մեր տեղեկությունն իրեն աշխատաքից ազատելու մասին, և ակնհայտորեն չափազանցնելով իր դերը «Կենտրոնի» գործունեության մեջ, շեշտել էր.
«Հեռուստաընկերությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը»: Նրա տոնն այնքան համոզիչ էր, որ մտածեցինք՝ հավանաբար սեփականատերը որոշել է նրան առայժմ պահել, հնարավորություն ընձեռելով փոխհատուցելու ստուդիային պատճառած նյութական վնասները»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Բայց շաբաթը ուրբաթից շուտ եկավ: Օրերս հեռուստատեսությունում ժողով է եղել: Կոլեկտիվին ներկայացրել են նոր գործադիր տնօրենին, և հայտարարվել է, որ Սերգեյ Ադումյանը մի քիչ հոգնել է, նրան աշխատանքից չեն ազատում, բայց թող հանգստանա: Միաժամանակ աշխատողներին հրահանգվել է, որ որևէ հարցով նրան չդիմեն: Տնօրենի ընդարձակ աշխատասենյակից, որը գտնվում է երկրորդ հարկում, նրան տեղափոխել են ներքևի հարկի նեղլիկ սենյակներից մեկը: Ավելի վաղ հեռուստատեսության սեփականատիրոջ հրահանգով ստուգվել է բուֆետը, որն աշխատեցնում էր Ադումյանի աներորդին՝ Տիգրան անունով:
Հաշվարկների արդյունքում պարզվել է, որ այն վնասով էր աշխատում: Տիգրանին ևս ազատել են: Այս տեղեկությունները ստացանք հեռուստատեսության խոհանոցին մոտ կանգնած անձանցից: Աշխատողները հիշում են Սերգեյի Նոնա անունով քարտուղարուհուն, որին Սերգեյն անսահման իշխանություն էր տվել, ապա քարտուղարուհուց դարձրել փոխտնօրեն: Նա ևս ազատված է աշխատանքից»:










































