Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իռլանդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոուանը (նստավայրը` Սոֆիա):
Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և նրա հետ քննարկել տարբեր մակարդակներում հայ-իռլանդական հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Հանրապետության ղեկավարը կարևորել է երկու երկրների միջև իրավա-պայմանագրային դաշտի ձևավորումը, ինչը թույլ կտա մի շարք ոլորտներում ակտիվացնել համագործակցությունը:
Նկատի առնելով, որ Հայաստանի և Իռլանդիայի խորհրդարաններում ձևավորված են բարեկամական խմբեր, Սերժ Սարգսյանն ընդգծել է միջխորհրդարանական կապերի ամրապնդման, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության կարևորությունը:
Դեսպան Ջոն Ռոուանը հեռանկարային է համարել հայ-իռլանդական փոխշահավետ գործակցությունը գիտա-հետազոտական աշխատանքների իրականացման, մշակույթի, բարձր տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում:
«Կարելի է հայերի և իռլանդացիների հանդիպել աշխարհի ցանկացած կետում, և դա մեր ընդհանրություններից մեկն է: Տարբեր պաշտոններ զբաղեցնելուս տարիներին հայերի եմ հանդիպել Բեյրութում, Կալիֆոռնիայում և այլուր: Ես խոր հարգանքով եմ վերաբերվում հայ ժողովրդին և նրա մշակույթին, որը նույնչափ հարուստ է, որքան իռլանդականը: Պատրաստ եմ անել ամեն հնարավորը` մեր երկրների միջև հարաբերությունների զարգացմանն առավելագույնս նպաստելու համար»,- նախագահի հետ հանդիպանն ասել է Հայաստանում Իռլանդիայի նորանշանակ դեսպան Ջոն Ռոուանը:









































