Warner Bros.ստուդիան հետաձգել է «Նիհար տղամարդը» ֆիլմի նկարահանումները, որտեղ գլխավոր դերը պետք է կատարեր Ջոնի Դեփը։ Այս մասին հայտնում է Deadline կայքը։
Ֆիլմը հանդիսանում է 1934 թվականին թողարկված ֆիլմի ռիմեյքը։ Այն իր հերթին հիմնված է Դեշիլ Հեմմետի համանուն դետեկտիվ վեպի վրա, որը լույս է տեսել նույն տարում։ Գրքի գլխավոր հերոսներն են մասնավոր դետեկտիվ Նիկ Չարլզն ու նրա կինը՝ Նորան: Ֆիլմի ռիմեյքում Ջոնի Դեփը պետք է խաղար Չարլզի դերը։ Նորայի դերում դեռևս դերասնուհի չի նշանակվել։
Ռիմեյքի ռեժիսորն է Ռոբ Մարշալը, որը հայտնի է իր «Չիկագո»,«Գեյշայի մեմուարները»,«Կարիբյան ծովահենները. օտար ափերին» ֆիլմերով։ Նկարահանումները պետք է սկսեին նոյեմբերին, սակայն դրանք անորոշ ժամկետով հետաձգվել են։ Ենթադրվում է, որ հենց Դեփն է ընդմիջման ցանկություն հայտնել երկու ֆիլմերի միջև։ Հավանաբար պատճառը հարաբերությունների խզումն է Վանես Պարադիի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Warner Bros.-ը դժգոհ է Դեփի մասնակցությամբ վերջին ֆիլմի ֆինանսական ցուցանիշներից։ Խոսքը Թիմ Բերտոնի «Մութ ստվերներ» ֆիլմի մասին է։ Այն էկրան է բարձրացել մայիսի առաջին կեսին։ 150 միլիոն բյուջե ունեցող ֆիլմը մինչ օրս 210 միլիոն դոլար է հավաքել։












































