Սադդամ Հուսեյնի վտարանդի եղբորորդի Բաշար Ն.-ին բռնել են Ավստրիայում: Այս մասին հաղորդում է ORF-ն՝ վկայակոչելով Ավստրիայի ՆԳՆ ներկայացուցիչ Կառլ Հայնց Գրունդբյոքին: Նրան ձերբակալել են հինգշաբթի Տրայսկիրխենի կայարանում՝ Վիեննայից 20 կմ հարավ: Բաշար Ն.-ն թաքնվում էր Իրաքի իշխանություններից, որոնք քննություն են անցկացնում նախկին բռնապետի ընտանիքի անդամների դեմ:
Հուսեյնի եղբորորդին եղել է այն երեք իրաքցիների շարքում, որոնց մոտ Ավստրիայի ոստիկանությունը որոշել է ստուգել անձնագրի առկայությունը: Նրանց մոտ օրինական փաստաթղթեր չեն եղել: Նրանք բացատրել են, որ Ստամբուլից Ավստրիա են ժամանել կեղծ անձնագրով, որպեսզի քաղաքական ապաստան ստանան:
Այն բանից հետո, երբ իրաքցիներին տարել են ոստիկանական բաժանմունք, վերցրել նրանց մատնահետքերը, նրանցից մեկը խոստովանել է, որ Իրաքի նախկին բռնապետ Սադդամ Հուսեյնի եղբորորդին է: Ավստրիայի իշխանությունները դեռ չեն կապվել Իրաքի իրենց գործընկերների հետ:
Բաշար Ն.-ի գտնվելու վայրը գաղտնի է պահվում: Ոստիկանությունը մտավախություն ունի, որ նրանից կարող են վերեժ լուծել: Ավստրիայի իշխանություններն ուսումնասիրում են նրան փախստականի կարգավիճակ տալու հնարավորությունը:
Սադդամ Հուսեյնի վարչակարգը տապալվել է 2003թ. ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից: Դրանից հետո նրանդ դատել են և մեղավոր ճանաչել մարդկության դեմ հանցագործության մեջ: 2006թ. նա մահապատժի է ենթարկվել Բաղդադում:









































