Գյումրեցի ավելի քան 250 անհատ տաքսու վարորդներ այսօր բողոքի ակցիա են կազմակերպել քաղաքի Մայր Հայաստանի հուշահամալիրի տարածքում՝ դժգոհելով մշակված և ընդունված այն օրենսդրական նորմերից, որոնցով փորձ է արվում կարգավորել անհատ տաքսի ծառայությունների աշխատանքը և վարորդներին հարկային դաշտ մտցնել:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Հիշեցնելով, որ օրենսդրությունից հանվել է ընդամենը մեկ նորմ, այն է՝ մեքենաները կարող են և չլինել 10 տարվա թարմության, նա նշեց, որ գյումրեցի մի քանի անհատ տաքսու վարորդների արդեն իսկ ակտավորել են: «Ի պատասխան դրա՝ մնացած վարորդները որոշել են վերսկսել բողոքի ակցիաները, որոնք սկիզբ էին առել դեռ 2007 թվականի օգոստոսից: Վարորդներին առաջվա նման ստիպում են մեքենաների սրահում դիմապակու կանաչ և կարմիր գույների լույսեր ու հաշվիչներ տեղադրել, մեքենաները ներկել տաքսիներին հատուկ նկարազարդումներով:
Վարորդներն իրենց հերթին բողոքում են, որ չեն կարող մտնել այդքան ծանր հարկային բեռի տակ՝ տարեկան ավելի քան 250 հազար դրամի հարկեր վճարելով: Միաժամանակ, մարդիկ համաձայն են ամսական նվազագույն հարկավճարներ տալ»,- ասաց Լևոն Բարսեղյանը՝ չբացառելով, որ բողոքի ակցիաներ Գյումրիից բացի կարող են բարձրանալ հանրապետության այլ քաղաքներում:
Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահը նաև տեղեկացրեց, որ վարորդների հետ զրուցել ու նրանց դժգոհությունները լսել են Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի երկու տեղակալները, ինչպես նաև նրա խորհրդականը: «Այնուհետև վարորդների հետ հանդիպել է նաև Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և նրանց խորհուրդ տվել դիմում-բողոքներ գրել՝ դրանք հասցեագրելով ԱԺ պատգամավորներին, և նրանցից խնդրել փոխել օրենսդրությունը»,- պատմեց Լևոն Ղուկասյանը՝ նկատելով, որ դիմում-բողոքները հասցեատերերին կուղարկվեն հավանաբար վաղը:










































