Ռուսական Независимая газета թերթում հրապարակվել է Յուրի Ռոքսի «Վրացական քաղաքականության երկգլուխ վիշապը» խորագրով հոդվածը, որում ասվում է.
«Վրացական ընդդիմության շարքերում մեծ փոփոխություն է տեղի ունենում: Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն միանում է ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիային:
Աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Վրաստանն այնքան է բևեռացվել, որ իշխանությունների մոտեցումից տարբերվող յուրաքանչյուր կարծիք դիտարկվում է որպես ընդդիմության շարքերի համալրում: Հենց հասարակության բևեռացմամբ կարելի է բացատրել այն, որ Նինո Բուրջանաձեն միանում է Բիձինա Իվանիշվիլիին:
Մինչև վերջերս Իվանիշվիլին անձամբ կտրուկ հերքում էր Բուրջանաձեի հետ համագործակցությունը՝ դա պատճառաբանելով իշխանությունների դեմ պայքարին առնչվող հարցերի շուրջ առկա տարաձայնություններով: Բուրջանաձեն վստահ է, որ առանց հզոր բողոքի ակցիաների հնարավոր չի լինի ձերբազատվել իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից և նախագահ Միխեիլ Սաակաշվիլիից: Իսկ Իվանիշվիլին կտրականապես դեմ էր հեղափոխական գործողություններին:
Սակայն Վրաստանի քաղաքական միջավայրում սկսվեց կտրուկ տարանջատում, և, կարծես թե, քաղաքական գործիչների մեծ մասը, որը որոշել էր ընթանալ իր ուղիով, վախեցավ մի կողմ մնալու հեռանկարից և սկսեց հարել մի մասն ընդդիմադիր «Վրացական երազանքին», իսկ մյուս մասը՝ իշխող «Միասնական ազգային շարժմանը»:
Քիչ թե շատ ազդեցիկ ուժերից այդ ուղին դեռ չի ընտրել միայն «Լեյբորիստական» կուսակցությունը, որը հավատարիմ է մնում այն գաղափարին, որ իրականում «Վրացական երազանքը» և «Միասնական ազգային շարժումը» գաղտնի համաձայնության են եկել, և որ դրանք հանդիսանում են մեկ վիշապի երկու գլուխները:
Իսկ եթե երբևէ հանկարծ պարզվի, որ լեյբորիստները ճիշտ էին իրենց կանխատեսումներում, ապա պետք է խոստովանել, որ ընդդիմություն-իշխանություն կոշտ դիմակայությունը կազմակերպվել էր վերին աստիճանի ճշմարտանման»:









































