Հունաստանին տրամադրվող օգնության ծրագրի պայմանները կմեղմացվեն: Այս մասին, ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այսօր հայտարարել է Եվրոխմբի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:
«Հունաստանի վարկանտուների փորձագիտական եռյակը (Եվրահանձնաժողով, ԱՄՀ, ԵԿԲ) Աթենք կվերադառնա արդեն երկուշաբթի՝ ֆինանսական օգնության հերթանական տրանշը համաձայնեցնելու համար»,- ասել է նա:
Բացի այդ, Արժույթի միջազգային հիմնադրամը սեփական առաքելությունը կուղարկի Հունաստան՝ գնահատելու համար այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել դրությունը կայունացնելու համար: Այս մասին հայտնել է ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը, որը մասնակցել է Եվրոխմբի նիստին:
Հունաստանում նոր՝ եվրոպամետ կառավարության ձևավորումը հնարավորություն է տվել վերսկսել 130 մլրդ եվրո չափով օգնության երկրորդ ծրագրի իրականացումը:
Այդ գործում առաջին քայլը կլինի Հունաստանի վարկատուների փորձագիտական եռյակի վերադարձը Աթենք:
«Նրա խնդիրը կլինի գնահատել ԵՄ-ի և ԱՄՀ-ի կողմից մշակված բարեփոխումների հերթական ծրագրի իրականացումը, որոշել, թե ինչ առաջընթաց է գրանցվել այսօրվա դրությամբ և դեռ ինչ պետք է արվի»,- հայտարարել է արժութային և ֆինանսական հարցերով եվրոհանձնակատար Օլլի Ռենը:








































