Thelira.com-ի փոխանցմամբ՝ «պարզվել է» Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Փոքր Ասիայից ու Արևմտյան Հայաստանից տեղահանված հայերին պատկանող օսմանյան 5 միլիոն ոսկու ճակատագիրը, որը գոյացել է հայերի թողած տների, հողատարածքների ու դաշտերի վաճառքից:
Թուրքական պատմագիտական ընկերության (TTK) հանձնաժողովը երկու տարվա հետազոտությունից հետո պարզել է, որ այդ ոսկին, որը ներկայիս գներով հավասար է 1.3 միլիարդ ֆունտ ստերլինգի, անցել է Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած երկրներին: Օսմանյան կայսրությունը որպես ռազմատուգանք նրանց վճարել է այդ գումարից:
Նշվում է, որ իթթիհատականներն այդ գումարը (1915 թվականին հավասարազոր էր 22 միլիոն դոլարի) 1916 թվականի սեպտեմբերին փոխանցել են Բեռլինում գտնվող Ռեյխսբանկ (Reichsbank): Հայերի պնդմամբ՝ այդ գումարը փոխանցվել է գերմանական բանկում իթթիհատականների երեք պարագլուխների՝ Ջեմալի, Թալեաթի ու Էնվերի՝ կեղծանուններով բացված անձնական հաշիվներին:
Այդ 5 միլիոն ոսկին որպես փոխհատուցում վճարվել է Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած երկրներին՝ Անգլիային, Ֆրանսիային, Իտալիային: Սակայն TTK-ի Հայկական հետազոտությունների կենտրոնում աշխատող, պրոֆեսոր Քեմալ Չիչեքը, ով երկու տարի ուսումնասիրել է այդ կապակցությամբ ամերիկյան, անգլիական ու գերմանական արխիվները, հայտարարել է, որ Հայկական սփյուռքը ներկայումս այդ գումարը «պետք է պահանջի» ոչ թե Թուրքիայից, այլ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած երկրներից և մասնավորապես Անգլիայից, որն այն ժամանակ էլ գիտեր, որ այդ գումարը պատկանել է հայերին:
Հիշեցնենք, որ Օսմանյան կայսրությունում բռնագրավված հայկական ոսկին 1921 թվականին տեղափոխվեց Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա: Հետագայում, հայկական ոսկին իրենց իսկական տերերին վերադարձնելու փոխարեն, Բրիտանիան և Ֆրանսիան, Փարիզի J.P. Morgan Bank-ի միջոցով այն վաճառեցին ԱՄՆ-ի կառավարությանը` այն փոխանակելով ԱՄՆ գանձապետական վկայականների հետ:









































