Բաշար Ալ-Ասադի ինքնակամ հեռանալը Սիրիայի նախագահի պաշտոնից անհնարին է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սրեգեյ Լավրովը` հավելելով, որ արևմտյան առաջնորդների նման պահանջներն անիմաստ են:
Նախարարի խոսքերով` պետք է հասկանալ, որ Ասադի, նրա անձի, կուսակցության քաղաքականության օգտին քվեարկել է սիրիացիների կեսը, ովքեր տարբեր պատճառներով նրա հետ են կապում իրենց ապագան և անվտանգությունը:
Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Սիրիայում 50 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ տեղի ունեցան բազմակուսակցական հիմքով խորհրդարանական ընտրություններ, որոնցում հաղթանակեցին «Ազգային միասնություն» կուսակցության թեկնածուները, որոնց մեծ մասն առաջադրվել էր իշխող «Բաաս» կուսակցության կողմից: Սիրիայի նոր խորհրդարանն ընտրվել է չորս տարի ժամկետով:
ՌԴ ԱԳ ղեկավարը հավելել է, որ Մոսկվան թույլ չի տա, որպեսզի Սիրիայում կրկնվի լիբիական սցենարը: «Այդ պատճառով պետք է նստել և պայմանավորվել: Մենք պետք է հասնենք կրակի դադարեցմանը և նստեցնենք բոլոր հակամարտող կողմերին բանակցության սեղանի շուրջ»,- ասել է Լավրովը:










































