Ժողովուրդը բացարձակապես անտարբեր է կառավարության ներկայացրած ծրագրի հանդեպ, քանի որ կառավարող խունտայից որևէ սպասելիք չունի. այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:
«Այսօրվա գլխավոր սպասումն այն է, թե Հանրապետական խունտայի դեմ կարո՞ղ է սաղմնավորվել նոր ընդդիմադիր ճամբար: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա հարց է՝ այսօր կառավարության ծրագրին դեմ հանդես եկող խորհրդարանական քառյակն ունի՞ այլընտրանքային ծրագիր կամ ունի՞ հիմքեր՝ ինչո՞ւ է մերժում ծրագիրը: Ես, ճիշտ է, խայտառակություն եմ համարում կառավարության ծրագիրը, բայց միաժամանակ իրական ընդդիմությունը նա է, ով այլընտրանք ունի այդ խայտառակությանը, նա, ով խարազանում ու քննադատում է իշխանություններին:
Բանն այն է, որ դատարկ գրպանով են նստած և ընդդիմությունը, և իշխանությունը: Եվ թագավորն է մերկ, և ընդդիմությունը: Ո՞րն է ընդդիմության առաջարկը, ունի՞ արդյոք նա առաջարկելու այլ բան»,- հարց հնչեցրեց Դավիթ Հակոբյանը:
Մարքսիստի խոսքով՝ մրցակցային առողջ դաշտ ձևավորելու համար պետք է նոր շուկայի ձևավորում՝ նոր սկզբունքներով: «Մյուս թեզիսը, որ կարևորում եմ, հետևյալն է. փակել հումք արտահանող կապիտալի մուտքը»:









































