Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ տեղի է ունեցել Ադրբեջանի ընդդիմադիր «Հասարակական պալատ» շարժման կոորդինացիոն խորհրդի նիստը: Դրանում քննարկվել է երկրում առկա հասարակական-քաղաքական իրավիճակը:
Բացի այդ, նիստում որոշում է ընդունվել Եվրոպայի Խորհրդին դիմելու մասին՝ Ադրբեջանի գծով ԵԽԽՎ-ի համազեկուցողներ Պեդրո Ագրամունտի ու Ջոզեֆ Դեբոնա Գրեխին զբաղեցրած պաշտոններից ազատելու համար: «Հասարակական պալատ» շարժումը կարծում է, որ այդ համազեկուցողները հանդես են գալիս ոչ թե Եվրոպայի Խորհրդի, այլ ադրբեջանական իշխանությունների դիրքերից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը հայտարարել էր, թե համազեկուցողները չեն ցանկանում փաստել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները և հետապնդում են շահադիտական նպատակներ:
Նա հավելել էր, որ համազեկուցողներն Ադրբեջանի կառավարությունից կաշառք են ստացել, ինչի համար էլ չեն ցանկանում տեսնել ստեղծված իրական վիճակը՝ ընդգծելով, որ համազեկուցողները փաստացիորեն արհամարհել են մարդու իրավունքների խախտման վերաբերյալ իրենց ներկայացված բոլոր փաստերը և դրանք չեն ներառել իրենց նախնական հաշվետվության մեջ:









































