Էկվադորի իշխանություններն այսօր հայտարարել են, որ մանրակրկիտ կուսումնասիրեն WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին քաղաքական ապաստան տրամադրելու դիմումը: Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան վենեսուելական Telesur հեռուստաընկերության եթերում ասել է, որ միջնորդության դիտարկման համար որոշ ժամանակ է հարկավոր:
«Խնդրի լրջորեն ուսումնասիրման համար մենք կծախսենք այնքան ժամանակ, որքան կպահանջվի, որովհետև սա շատ լուրջ խնդիր է, որին մենք վերաբերում ենք ամենայն պատասխանատվությամբ»,-ասել է Կորեան:
Ավելի վաղ ավստրալիական ABC հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Ասանժին քաղաքական ապաստան տրամադրելու որոշումը կայացվելու է հինգշաբթի:
Հիշեցնենք, որ WikiLeaks-ի հիմնադիրը քաղաքական ապաստան է խնդրել Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանատանը այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը մերժեց վերանայել Ասանժին՝ Շվեդիա արտաքսելու դեմ վերջինիս խնդրանքը: Ասանժը հերքում է Շվեդիայի բոլոր մեղադրանքները՝ պնդելով, որ դրանք ունեն քաղաքական ենթահող:








































