Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 20-ին հրավիրած նիստում` Գագիկ Մինասյանի նախագահությամբ, քննարկել է ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված «Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը: Համաձայնագրով նախատեսված ծրագրերի ու ֆինանսական միջոցների մասին պատգամավորներին մանրամասներ հաղորդել տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:
Ասիական զարգացման բանկը հանրապետության ավելի քան 100 բնակավայրերում ջրամատակարարման բաշխիչ ցանցեր կառուցելու և վերականգնելու նպատակով կտրամադրի 40 մլն դոլար: Վարկային այս միջոցները կուղղվեն «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի սպասարկման տարածքի համայնքներին: Ոլորտի պատասխանատուի տեղեկացմամբ` նախատեսված համայնքներում միջինը 3 ժամով կավելանա ջրամատակարման ծավալը, նաև` վարակազերծման արդյունքում կբարելավվի ջրի որակը: Անդրանիկ Անդրեասյանը ներկայացրել է համայնքների ընտրության սկզբունքները, նաև անդրադարձավ ջրի սակագնի խնդրին` նշելով, որ ներկա ցածր սակագնի պայմաններում հնարավոր չէ ապահովել համակարգի ծախսերը, և պետությունն աջակցություն է ցուցաբերում կապիտալ ծախսերի կատարման ու արտոնյալ վարկային միջոցների ներգրավման միջոցով:
Հանձնաժողովի անդամները կառավարության ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեցին վարկային միջոցների արդյունավետ ծախսման ու վերահսողական մեխանիզմներ նախատեսելու անհրաժեշտության վրա:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնել է, որ հանձնաժողովը համաձայնագրին տվել է դրական եզրակացություն:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի անդրանիկ նիստի օրակարգում է եղել նաև փոխնախագահի ընտրության հարցը: ԱԺ կանոնակարգի ընձեռած հնարավորությամբ` հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:









































