«2010 թ-ին աղքատությունը 35.8% էր, մինչդեռ պլանավորվում էր 11%: Ներկա ծրագրում աղքատության ցուցանիշ չի նշվում, նշվում է միայն 8-10%-ով կրճատում: Եթե մեկը համեմատի ծրագրերը, կկարծի, թե նախորդով նվազեցրել են, հիմա էլ վերջնականապես արմատախիլ են անելու: Կես բերան հղում անելը ճգնաժամին բավարար չէ»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և հարցադրում արեց. «Եթե ճգնաժամ է, ինչո՞ւ են երկրաչափական պրոգրեսիայով աճում կառավարության ղեկավարի անձնական եկամուտները»: Նրա տվյալներով՝ 2008թ-ին Տիգրան Սարգսյանը հայտարարագրում նշել է 17 մլն 247 հզ. դրամ և 22 հզ. դոլար, իսկ 2012 թ-ին` 35 մլն դրամ և 870 հզ. դոլար:
Ն.Փաշինյանի խոսքով՝ երկրում աղքատությունն աճում է, նվազագույն աշխատավարձը դոլարային արտահայտությամբ կրճատվում, իսկ նույն ժամանակաշրջանում պաշտոնավարած վարչապետի անձնական եկամուտները դրամային արտահայտությամբ`102.9%-ով, դոլարային եկամուտները` մոտ 4000 տոկոսով կամ 39 անգամ աճում են: «Այսքանից հետո Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրում գրվում է. «Խորհրդարանական ընտրությունների արդյունքները գրավականն են այն փաստի, որ ծրագիրը պահանջված է ու ժամանակին, և ունենք ժողովրդի աջակցությունն այն կյանքի կոչելու համար»:
Պատգամավորը հայտարարեց, որ դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին, որովհետև չի ուզում հավատալ այն ասացվածքին, ըստ որի՝ ամեն ժողովուրդ արժանի է այն կառավարությանը, որին ընտրել է:









































