Հունաստանի աջակենտրոն «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը՝ ձախակենտրոն Համահունական սոցիալիստական շարժումը (ՊԱՍՕԿ) և «Ժողովրդավարական ձախ ուժերը» հունիսի 20-ին համաձայնության են եկել նոր կառավարություն ձևավորելու շուրջ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՊԱՍՕԿ-ի առաջնորդ Էվանգելոս Վենիզելոսին:
Կառավարության կազմը կհայտարարվի հունիսի 20-ի երեկոյան:
Կառավարություն ձևավորելու մանդատ ստացել էր «Նոր դեմոկրատիա» կուսակցության առաջնորդ Անտոնիս Սամարասը հունիսի 18-ին: Հենց այդ կուսակցությունն էլ հաղթել էր հունիսի 17-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով ընտրողների ձայների 29.66%-ը և խորհրդարանում ստանալով 129 մանդատ: ՊԱՍՕԿ-ը ստացել էր 33 մանդատ, «Ժողովրդավարական ձախերը»՝ 17: Այսպիսով՝ բոլորը միասին խորհրդարանում կոալիցիան ունի 179 տեղ (300-ից):








































