Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարությունը ոչ մի նոր բան չի ավելացնում արդեն գոյություն ունեցող իրականությանը և բանակցային գործընթացի մեջ փոփոխություն չի մտցնում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԼՂ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
«Բանակցային գործընթացի շրջանակներում առայժմ որևէ փոփոխություն չեմ տեսնում: Դրա համար անգամ նախադրյալներ չկան: Դատելով մինչ այժմ կայացած բանակցությունների արդյունքներից՝ մենք լավատեսության իրական հիմքեր չունենք և չենք ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ բանակցային օրակարգում ինքներս շտկումներ չենք արել և լրացուցիչ պահանջներ չենք ներկայացրել»,- ասաց Արման Մելիքյանը:
Հիշեցնենք՝ ԵԱՀԿ համանախագահող երկրների նախագահների համատեղ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Մեր երկրները կողմերի հետ կշարունակեն սերտ աշխատանքը: Ռազմական ուժի կիրառումը չի կարգավորի հակամարտությունը և միայն ավելի կերկարաձգի տարածաշրջանի ժողովուրդների տառապանքներն ու զրկանքները, որոնց արդեն երկար ժամանակ է ենթարկվում են այդ տարածաշրջանում բնակվող ժողովուրդները:
«Միայն խաղաղ, բանակցություններով ձեռք բերված կարգավորումն ընդունակ կլինի դուրս բերել ստեղծված իրավիճակից և կապահովի տարածաշրջանի ապահով և բարեկեցիկ ապագան»: