ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեքսիկական Լոս Կաբոս քաղաքից Վաշինգտոն մեկնելու ճանապարհին շնորհավորել է Reuters գործակալության ամերիկյան թղթակից Ջեֆ Մեյսոնին՝ նրան նվիրելով մեկ վառվող մոմով տորթ:
Վայրէջքից 1 ժամ առաջ նախագահը, Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնիի, ռազմավարական հարցերով խորհրդատու Բեն Ռոդսի և նախագահական լուսանկարիչ Փիթ Սուզի հետ, հայտնվել է լրագրողների համար նախատեսված խցիկում: Նախագահի ձեռքին եղել է «տիրամիսու» տորթի քառակուսի մի կտոր՝ վրա մեկ վառվող մոմով:
Լրագրողներն ու նախագահը հոբելյարի համար երգել են Happy Birthday երգը, որից հետո Օբաման 10 րոպե խոսել է չորրորդ իշխանության ներկայացուցիչների հետ:
Օբաման երկու օր անցկացրել է Մեքսիկայում՝ մասնակցելով «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին:








































