Եգիպտոսի Գերագույն ընտրական հանձնաժողովը թեկնածուներին կոչ է արել անձնական շահերը վեր չդասել ազգային շահերից` հայտարարելով սեփական հաղթանակի մասին:
Հիշեցնենք, որ կիրակի օրը Եգիպտոսում ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին որպես թեկնածուներ, մասնակցել են երկրի նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկը, «Մուսուլման եղբայրներ»–ի ներկայացուցիչ Մուհամմեդ Մուրսին:
Շաֆիկի և Մուրսիի նախընտրական շտաբերն արդեն հայտարարել են իրենց թեկնածուների հաղթանակի մասին՝ չնչին տարբերությամբ` 1.5-2 %:
Ինչպես հայտարարել է ԳԸՀ-ի ներկայացուցիչը, թեկնածուների ընտրական շտաբերը պետք է դադարեցնեն զանգվածային տեղեկատվության տարբեր միջոցներով ոչ ստույգ տվյալներ հրապարակելը և եգիպտացիներին մոլորության մեջ գցելը:
Հանձնաժողովը նշել է, որ ձայների հաշվարկը դեռ ընթանում է, և արդյունքները կհրապարակվեն հենց հանձնաժողովի կողմից՝ առաջիկա օրերի ընթացքում:









































