«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Փարիզի շրջանի համալսարաններից մեկի մաթեմատիկայի ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Արմեն Շիրիկյանը:
– Որպես սփյուռքում գործող մտավորական` ինչպե՞ս կգնահատեք հայաստանյան գիտակրթական համակարգը: Այն արդարացնո՞ւմ է իրեն, ունե՞նք բավարար արդյունքներ:
– Նախևառաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել «Առաջին լրատվական»-ին` իմ տեսակետը հրապարակայնորեն արտահայտելու այս հնարավորության համար: Երկրորդ` կուզենայի նշել, որ չնայած ես Հայաստանում մշտապես չեմ բնակվում արդեն համարյա 26 տարի, ես ինձ օտարերկրացի չեմ համարում: Ուստի ես մի կողմ կդնեմ եվրոպական սիրալիրությունը և երեսպաշտությամբ զբաղվելու փոխարեն` կփորձեմ ներկայացնել իրականությունն այնպես, ինչպես տեսնում եմ: Քննադատություն չսիրող ընթերցողներին առաջարկում եմ կանգ առնել այստեղ և առանց կարդալու հայտարարել, որ այս տողերի հեղինակն արդեն վաղուց Հայաստանում չի ապրում և ընդհանրապես չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում:
Որևէ գործունեության արդյունքները գնահատելու համար առաջին հերթին պետք է հասկանալ, թե որն է եղել նպատակը: Եթե ցանկացել ենք ունենալ, օրինակ, Կոնգոյի ժողովրդավարական հանրապետության գիտակրթական համակարգը գերազանցող մի կառույց, ապա արդյունքները կարելի է բավարար համարել: Իսկ եթե մեր նշաձողը եղել է ավելի բարձր, ասենք` Թունիսը, ապա անելիքներ դեռ ունենք: Այս առաջին հայացքից խիստ թվացող գնահատականը հիմնավորելու համար ես կփորձեմ վերլուծել ավագ դպրոցներում և բուհերում տիրող իրավիճակը: Որո՞նք են ավագ դպրոցի հիմնական առաքելությունները: Իմ կարծիքով` դրանք երկուսն են: Առաջինը` անհատի ձևավորման կարևորագույն շրջանում սերմանել որոշակի արժեքներ` հասարակության ներդաշնակությունն ու կայունությունն ապահովելու համար, և երկրորդը` նախապատրաստել բարձրագույն կրթությանը, որի հիմնաքարերն են ինքնուրույն աշխատանքը և վերլուծության կարողությունը: Այս երկու խնդրից ոչ մեկը ավագ դպրոցն այսօր չի լուծում: Որպեսզի պատկերացում կազմենք, թե ինչ արժեքներ են ձևավորվում ավագ դպրոցում, կուզենայի մեջբերում անել ազատության թեմայով գրված` տասնվեցամյա մի պատանու շարադրությունից. «…այս հողագունդը բանտ է ժողովուրդների, որտեղ ստրկացնողը նավթն ու ոսկին են, իսկ օրենքը` հրացանը: Մարդիկ ընկան իրենց իսկ հայտնագործած նյութերի թակարդը, և մինչ մի քանի մտավորականներ` բազկաթոռների մեջ նստած, գինի խմելով ազատության հարցն էին քննարկում, մարդկությունը հեռանում էր նրանից: Այսօր արդեն ազատությունը երազանք է, որի մասին բարձրագոչ ճառեր չեն գրում, այլ միայն շշուկով են խոսում»: Ահա այսպիսի մտքեր են առաջանում կրթված, սեփական կարծիք ունեցող հայ պատանու մոտ ազատության մասին խորհելիս: Բայց զարմանալու ոչինչ չկա. հայ աշակերտների մեծ մասը դպրոցում տեսնում է համատարած դրամահավաքներ, անարդարություններ քննությունների ժամանակ, դպրոցի ամենազոր տնօրենի առաջ կուչ եկող ուսուցիչ, որ ցանկացած պահի կարող է կորցնել իր աշխատատեղը և ֆինանսական կախվածության մեջ իր իսկ աշակերտների ծնողներից: Դժվար չի հասկանալ, որ միայն հոգով և մտքով ազատ ուսուցիչն է, որ կարող է իր աշակերտներին փոխանցել արդարության, հավասարության և իրական հայրենասիրության արժեքները:
Ավելի բարվոք չի վիճակը զուտ ուսումնական բնագավառում: Մի կողմ թողնելով ուսուցիչների որակավորման և մանկավարժական մոտեցումների խնդիրները, կուզենայի անդրադառնալ Հայաստանում ձևավորված զավեշտալի ավանդույթին, որ դպրոցական կրթության որակի ցուցանիշն է: Բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու հավակնություններ ունեցող աշակերտների մեծ մասը (այսինքն` լավագույն աշակերտների մեծ մասը) դպրոցի վերջին մեկ-երկու տարիների ընթացքում ինտենսիվ պարապմունքներ են անցկացնում կրկնուսույցների հետ: Նման պարապմունքները պարզապես արմատախիլ են անում աշակերտների ինքնուրույն մտածողությունն ու զրկում մտավոր ընդունակությունների ծաղկման շրջանում գտնվող մարդկանց սեփական ուժերով որևէ խնդիր լուծելու հնարավորությունից: Համեմատության համար նշեմ, որ, օրինակ, Ֆրանսիայում կրկնուսույցների ծառայություններից օգտվում են հիմնականում հետ մնացող աշակերտները:
Բուհական համակարգում վերոհիշյալ խնդիրներին ավելանում են նաև բարձրակարգ, լայն մտահորիզոն ունեցող մասնագետների խիստ պակասը: Իսկ եթե սրան ավելացնենք նաև բազմաթիվ բուհերի դասախոսական կազմում տիրող անառողջ, ինտրիգների վրա հիմնված մրցակցության մթնոլորտը, ապա այլևս տարակուսանք չի առաջացնի ուսանողների ընդհանուր մակարդակի սրընթաց անկումը: Այս ցավալի փաստը ես գիտեմ սեփական փորձից, քանի որ արդեն մոտ տասը տարի է շփումներ ունեմ Հայաստանի առաջատար բուհերից մեկի ուսանողների հետ: Ես չեմ ուզում նշել կոնկրետ բուհերի և մարդկանց անուններ, որովհետև իմ քննադատությունն ուղղված է ոչ այնքան անհատներին, որքան համակարգին, որի անխուսափելի և տրամաբանական հետևանքն է այն, ինչ ունենք այսօր:
Իհարկե` վիճակը հավասարաչափ վատ չէ բոլոր կրթական համալիրներում, և նույնիսկ կան հատուկենտ դպրոցներ ու ֆակուլտետներ, որտեղ կարելի է ստանալ բարձրորակ կրթություն: Բայց դրանց առկայությունը չի կարող փոխել ընդհանուր պատկերը: Բնականաբար հարց է ծագում, թե որոնք են այս ազգային աղետի պատճառները: Դրանց խորքային քննարկումը, ցավոք, չի սահմանափակվում գիտակրթական ոլորտի խնդիրներով և դուրս է այս հարցազրույցի շրջանակներից: Սակայն չեմ կարող չնշել, որ սկզբնաղբյուրը այն նույն հանցավոր երևույթն է, որի արդյունքում Հայաստանում քաղաքական է դառնում ցանկացած հարց (սկսած դպրոցի տնօրենից մինչև Մաշտոցի պուրակի «ոչ սիրուն» կրպակները), խորհրդարանական հանձնաժողովը փակում է մարտի 1-ի էջը առանց բացահայտելու մարդասպաններից գեթ մեկին, իսկ երկրի նախագահը գլխավորում է նաև ԵՊՀ-ի խորհուրդը և շախմատի ֆեդերացիան:
– Կա՞ արդյոք ՀՀ-ի գիտակրթական ոլորտում սփյուռքի իմացական ներուժ, եթե այո, ապա կնշե՞ք մի քանի օրինակ, իսկ եթե ոչ` ո՞րն է պատճառը:
– Ես նման օրինակներ չգիտեմ, բայց իմ կարծիքով` դա երկրորդական հարց է: Իհարկե, սփյուռքը կարող է իր դրական ազդեցությունն ունենալ, բայց գիտակրթական համակարգի զարգացման հիմնական շարժիչ ուժը գտնվում է Հայաստանում: Ավելին` գիտությունն այն ոլորտն է, որտեղ ազգությունն ընդհանրապես նշանակություն չունի, և հարևան Վրաստանում, Իրանում ու նույնիսկ Ադրբեջանում կամ Թուրքիայում աշխատող բարձրակարգ մասնագետն ավելի հետաքրքիր ու օգտակար կարող է լինել իր հայաստանցի գործընկերոջ համար, քան Ֆրանսիայում կամ Միացյալ Նահանգներում բնակվող, Հայաստանն անսահման սիրող, բայց ցածր որակավորում ունեցող սփյուռքահայը: Բացի դրանից, չպետք է մոռանալ, որ սփյուռքն առանձին կենդանի օրգանիզմ է, որն ունի իր խնդիրներն ու հոգսերը, ինչպես նաև Հայաստանի խնդիրների և դրանց լուծման մասին իր պատկերացումերը: Բերեմ մի օրինակ` դասական ուղղագրության խնդիրը: Ես, իհարկե, չունեմ վիճակագրական տվյալներ, բայց կարծում եմ, որ Հայաստանում ապրող հայերի գոնե երեք քառորդի համար նման հարց պարզապես գոյություն չունի: Միևնույն ժամանակ, հանդիպել եմ բազմաթիվ սփյուռքահայերի, որոնք ոչ իրականությունից կտրված իդեալիստներ են, ոչ էլ ավելի շատ պատմական նշանակություն ունեցող կուսակցությունների հնացած գաղափարների կրողներ, բայց որոնք գտնում են, որ դասական ուղղագրության վերականգնումը հրատապ խնդիր է:
– Երիտասարդների մեծ մասը սփյուռքում կրթություն ստանալուց հետո այլևս չի վերադառնում Հայաստան: Ո՞րն է, ըստ Ձեզ, պատճառը, գուցե այստեղ նրանց դաշտ չի՞ տրամադրվում գործելու և կիրառելու ձեռք բերած փորձը:
– Հայաստան չեն վերադառնում ոչ միայն կրթություն ստացած երիտասարդները, այլև կրթություն ստացած ավագ սերնդի ներկայացուցիչներն ու այլ պատճառներով արտասահման մեկնած մարդկանց մեծ մասը: Արտագաղթի պատճառներն ինձ համար ակնհայտ են. արդարության պակասը (եթե չասենք բացակայությունը), տնտեսական անազատ համակարգը և փակուղային վիճակը: Ես ծանոթ եմ Ֆրանսիա մեկնած մի քանի մեր հայրենակիցների, որոնք ապրում են աղետալի սոցիալական պայմաններում, առանց աշխատանքի ու առանց մոտ ապագայում էական փոփոխության հեռանկարի: Բայց նույնիսկ այս պարագայում նրանք գերադասում են մնալ այստեղ, քան վերադառնալ Հայաստան:
Ինչևէ, այս հարցերը ուղղակիորեն չեն առնչվում գիտակրթական ոլորտին: Վերադառնալով Ձեր հարցի երկրորդ մասին` չեմ կարծում, որ արտասահմանում կրթություն ստացած երիտասարդներին պետք է տալ արտոնյալ պայմաններ Հայաստանում: Նախ` սովորել արտասահմանում չի նշանակում անպայման լինել լավ մասնագետ, չնայած հնարավորություններն իրոք ավելի շատ են, և արտասահմանյան ուսման ու աշխատանքի փորձը միշտ էլ օգտակար է, և երկրորդ` նման խտրականությունը վերջնականապես կարժեզրկի Հայաստանի գիտակրթական համակարգը: Բավական է ապահովել ազատ և հավասար մրցակցության պայմաններ, և յուրաքանչյուրը կգրավի իր արժանի տեղը:
– Ի՞նչ լուծումներ, ելքեր, իրավիճակը շտկելու ձևաչափեր կարող եք առաջարկել, որոնք կգործեն ներկայում ստեղծված իրավիճակին ի նպաստ:
– Հայաստանի գիտակրթական ոլորտին անհրաժեշտ են համակարգային լուրջ բարեփոխումներ: Ընդ որում` բարեփոխումներ ասելով ես նկատի չունեմ ո՛չ բուհերի ծրագրերի համապատասխանեցնելը «եվրոպական ստանդարտներին», ո՛չ էլ բոլոնյան գործընթացին անդամակցելը (իսկ կամայականորեն ընտրված մարզաձևը «ազգային կրթության բրենդ» հռչակելու անհեթեթ գաղափարի մասին չեմ ուզում անգամ մտածել): Իմ կարծիքով` անհրաժեշտ է մշակել երկարաժամկետ ծրագիր, որի նպատակը պետք է լինի կրթական համակարգում և գիտության բնագավառում տիրող իրավիճակի որակական բարելավումը: Նման ծրագրի մշակումը հնարավոր է միայն մասնագետների խմբի համատեղ աշխատանքի արդյունքում: Ուստի` առանց հավակնելու առաջարկների լրիվության, ես կներկայացնեմ բուն կրթական գործընթացին վերաբերվող մի քանի հիմնադրույթներ, որոնց հանգել եմ իմ աշխատանքային փորձի արդյունքում:
Կրթության իրավունքը. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 39-րդ հոդվածն ասում է. «Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: …Յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցութային հիմունքներով անվճար պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունք՝ օրենքով սահմանված կարգով»: Այսօր շատերը զրկված են այս իրավունքից: Միջնակարգ դպրոցի շրջանավարտը ոչ մի երաշխիք չունի, որ կարող է ստանալ անվճար բարձրագույն կրթություն: Սահմանադրության 39-րդ հոդվածում հիշատակված մրցութային հիմունքները կարող են վերաբերել միայն բուհի ընտրությանը, իսկ օրենքը պետք է սահմանի այդ ընտրության մեխանիզմը: Պետությունը պարտավոր է կատարել Սահմանադրության պահանջը:
Բուհերի և դպրոցների կառավարումը. դպրոցների տնօրենները, ամբիոնների վարիչները, ֆակուլտետների դեկանները և բուհերի ռեկտորները պետք է նշանակվեն ընտրությունների հիման վրա, ընդ որում` նրանց պաշտոնավարման ժամկետը պետք է լինի սահմանափակ (ասենք` վեց տարի), և իրենք պետք է ունենան զուտ կազմակերպչական դերակատարություն` ոչ այնքան մեծ դրամական պարգևատրության դիմաց: Ուսումնական հաստատությունների կյանքում կարևոր նշանակություն ունեցող որոշումները (օրինակ` ուսուցիչների հավաքագրումը և ազատումը, ռազմավարական խնդիրները կամ գիտական կյանքին առնչվող հարցերը) չպետք է լինեն տնօրենների և ռեկտորների մենաշնորհը, այլ պետք է քննարկվեն համապատասխան խորհուրդներում և հանձնաժողովներում:
Ավագ դպրոցի ուսուցիչների հավաքագրումը. դպրոցի ուսուցիչների հավաքագրումը պետք է տեղի ունենա ամեն տարի անցկացվող ազգային մրցույթի արդյունքների հիման վրա: Նման մոտեցումը ոչ միայն երաշխավորում է ուսուցիչների բարձր մակարդակը, այլև խոչընդոտում է կլանների ձևավորումը դպրոցներում և ապահովում դպրոցների մակարդակների համեմատելիությունը (դրանով իսկ մեղմացնելով ապրելավայրի հետ կապված անհավասարությունները): Ազգային մրցույթի հիման վրա հավաքագրված ուսուցիչները պետք է ունենան որոշակի արտոնություններ` աշխատանքային և սոցիալական առումով (օրինակ` աշխատավարձի պարբերական երաշխավորված բարձրացում, զեղչեր ուսման հետ առնչություն ունեցող կազմակերպություններում և այլն):
Բուհերի դասախոսների հավաքագրումը. բուհերի դասախոսական կազմի հավաքագրումը պետք է տեղի ունենա միայն մրցույթի հիման վրա: Ընդ որում` թափուր տեղերի մասին հայտարարությունը (այդ թվում նաև փնտրվող մասնագիտությունների նկարագրությունը և առաջարկվող աշխատավարձի կարգը) անհրաժեշտ է լայնորեն տարածել ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում, իսկ վերջնական որոշումը պետք է ընդունի ամենաքիչը հինգ հոգանոց հանձնաժողովը, որի կազմը կհրապարակայնացվի մրցույթից անմիջապես հետո: Նման մոտեցումը անխուսափելիորեն կբերի ընդհանուր մակարդակի բարձրացման և ոչ այնքան հեռու ապագայում Հայաստանի համալսարանները գրավիչ կդարձնի միջազգային համբավ ունեցող մասնագետների համար:









































