Բրիտանացուն, որի ձեռքից քամին քշել է 1000 ֆունտ կանխիկ գումար, վերադարձրել են փողերը: Ինչպես հաղորդում է BBC News-ը, օդի մեջ բարձրացած թղթադրամները սկսել են բռնել ականատեսները: Նրանք բռնել են փողերը և հակառակ դրանց տիրոջ սպասելիքների՝ վերադարձրել են նրան, այլ ոչ թե պահել են իրենց:
«Թռչող» փողերի հետ պատահարը տեղի է ունեցել Մանչեսթերում, որտեղ Սելֆորդի բնակիչ Բարի Իստվուդը ժամանել էր գործերով: Իստվուդի խոսքերով` ինքը մտել է բանկ, քարտի վրայից հանել է հազար ֆունտ, որից հետո բանկից դուրս է եկել, ոտքը ինչ-որ բանի է դիպել և ինքն ընկել է, իսկ գումարը քշել է քամին:
«Ես վերև նայեցի և տեսա, թե ինչպես են թղթադրամները երկնքում պտտվում: Ես արդեն կարծեցի, թե զրկվել եմ դրանցից: Մարդիկ ցատկում և բռնում էին թղթադրամները, իսկ ես մտածում էի, որ դրանք քիչ առաջ ինձ մոտ էին»,- ասել է բրիտանացին:
Իստվուդի խոսքերով` ինքն անչափ զարմացել է, երբ անցորդները սկսել են իրեն վերադարձնել բռնած գումարները: Երբ մարդիկ դադարել են հավաքել և վերադարձնել թղթադրամները, նա նստել է ավտոմեքենայի մեջ և սկսել է հաշվել փողերը: Պարզվել է, որ նրան վերադարձրել են կորցրած գումարը գրեթե ամողջությամբ. պակասել է միայն 20 ֆունտ սթեռլինգ: Բացի փողերից, նրան վերադարձրել են նաև դրամապանակը, որը նա վայր էր գցել, երբ ընկել էր:
Բարի Իստվուդը ընդգծել է, որ իր հետ կատարվածը վերականգնել է մարդկանց նկատմամբ հավատը:











































