Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը նախագահական ընտրություններից առաջ հրաժարվել է մասնակցել իր մրցակցի հետ հեռուստաբանավեճերի,- հաղորդում է BBC-ն:
«Ես կցանկանայի խոսել «ծանրաքաշերի» և ոչ թե «դատարկ տեղի» հետ»,- մեկնաբանել է նա իր որոշումը:
Հոկտեմբերին կայանալիք ընտրություններում Չավեսի մրցակիցը Էնրիկե Կապրիլեսն է՝ ավելի քան 30 ընդդիմադիր կուսակցություններ միավորող կոալիցիայի միասնական թեկնածուն:
Վենեսուելայի նախագահը ոչ մի անգամ Կապրիլեսին անունով չի դիմել այն բանից հետո, ինչ նա ընտրվել է ընդդիմության միասնական թեկնածու. փոխարենը նա գերադասում է «խոզ» կամ «անհաջողակ» բառերը:
Սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ 57-ամյա Չավեսը մեծ ժողովրդականություն է վայելում ընտրողների շրջանում: Սակայն ընդդիմությունը վիճարկում է այդ արդյունքները՝ դրանք համարելով աղավաղված:









































