«Սիրիայում օր օրի վատացող քաղաքական իրավիճակի հետևանքով այնտեղի հայությունը հայտնվել է ծանր վիճակում: Մենք` մի խումբ մտավորականներս, կառավարությունից պահանջում ենք ստեղծել Սիրիայում ապրող հայության աջակցության աշխատանքների համակարգման խորհուրդ և մշակել արագ արձագանքման գործողությունների ծրագիր: Այդ ծրագրին պետք է միանան նաև Հայ առաքելական եկեղեցին, այն ավանդական կուսակցությունները, որոնք գործում են Սիրիայում, և «Հայաստան» համահայկական հիմնադրամը»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց հրապարակախոս, հասարակական գործիչ Կարինե Հակոբյանը:
Նրա խոսքերով` պետությունը պարտավոր է միշտ պատրաստ լինել և ընդունել իր զավակներին և տալ ապահով կացարան. «Կան ազգային շահեր, որոնք ՀՀ-ն չի կարող շրջանցել: Որպես առաջնահերթ քայլ ՝պետք է բացել «Արմավիա» ընկերության չվերթները Սիրիայից Հայաստան` նպաստելով մեր հայրենակիցների վերադարձին»:
Երաժշտագետ Մարգարիտ Թախտաջյանը նշեց, որ ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչություն են դիմել 1554 սիրիահայեր՝ Հայաստանում օրինական հաստատվելու համար: Նրանցից 300-ը ստացել է ժամանակավոր կացության վկայական, իսկ մնացածը շարունակում են մնալ անպատասխան. «Եթե մարդիկ չունեն ժամանակավոր կացության վկայական` նրանք չեն կարող իրենց ունեցվածքով գալ և հաստատվել հայրենիքում»:
Թեմայի մասին խոսելով` սիրիահայ Նաիրի Մկրտչյանը նշեց, որ Սիրիայում հատուկ հայերի դեմ տարված պայքար չի եղել. «Երկու առևանգում է եղել, որը անձնական բնույթ է կրել. օգտագործելով ստեղծված իրավիճակը՝ լուծել են իրենց անձնական խնդիրները, եղել է մեկ զոհ՝ Հոմսում, և մի հայ կին, որը պայթյունին մոտ գտնվելով՝ ևս զոհվել է: Այն մարդիկ, ովքեր դիմել են քաղաքացիություն ստանալու համար, դիմել են նույնիսկ դեպքերից առաջ»:
Վերջում Կարինե Հակոբյանը հավելեց. «Չկա պետական ծրագիր Սիրիայում տեղի ունեցող դեպքերի հետ կապված: Դեռ քաղաքացիական պատերազմ չի սկսվել, բայց ամեն վայրկյան կարող է սկսվել: Մենք պետք է և պարտավոր ենք ապահովել սիրիահայերի անվտանգությունը»:








































