Ամերիկացի կոնգրեսական և 2008թ.-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության հիմնական թեկնածու Ջոն Մըքքեյնը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունները սկսել են ավելի հաճախ ուղղաթիռներ օգտագործել Բաշար Ալ-Ասադի ռեժիմը չընդունող ապստամբների դեմ։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
Ելույթ ունենալով ԱՄՆ ձեռնարկատիրության ինստիտուտում՝ Մըքքեյնը նշել է, որ Ռուսաստանն ու Իրանը սիրիական ռեժիմին մատակարարում են զենք և զինամթերք։ Ավելի վաղ նման մեղադրանքներ էր հնչեցրել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով ասել է, որ Ռուսաստանի մատակարարած ուղղաթիռները կարող են օգտագործվել խաղաղ բնակիչների դեմ։
Մըքքեյնը կոչ է արել շրջանցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և սկսել այնպիսի գործողություններ, որոնք միջազգային կոալիցիոն ուժերն իրականացնում էին Լիբիայում՝ նրանց ցուցաբերելով օդային աջակցություն։ Ավելի վաղ կոնգրեսականն ասել էր` խայտառակություն է, երբ ԱՄՆ իշխանությունները չեն աջակցում Սիրիայի ապստամբներին։








































