Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական միջամտությունը միայն ժամանակի հարց է: Այս մասին այսօր գրում են տեղի ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներին:
«Ինտերվենցիա տեղի կունենա: Հարցն այն չէ՝ կլինի՞ դա, թե ոչ, այլ այն, թե երբ դա կլինի»,- ասել է ԶԼՄ-ների աղբյուրը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նրանց տվյալներով՝ այս հանգստյան օրերին Վաշինգտոն է ժամանել Սիրիայի ազատ բանակի ապստամբների պատվիրակությունը: «Սիրիայում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Ֆորդի և Սիրիայի հարցերով Պետդեպի փորձագետ Ֆրեդ Հոֆի հետ հանդիպմանը ապստամբների առաջնորդները համաձայնեցման համար ներկայացրել են երկու ցուցակ. ծանր սպառազինության տեսակների ցուցակը, որոնք ի վիճակի կլինեն դիմակայել նախագահ Բաշար Ալ-Ասադի զինված ուժերին, և հարվածների թիրախները նրա վարչակարգը ապակայունացնելու համար»,- գրում են ԶԼՄ-ները:
Ըստ այդ տեղեկությունների՝ Միացյալ Նահանգները «շատ մոտ է այն հարցի լուծմանը, թե ինչ տեսակի զենք կմատակարարվի Սիրիայի ընդդիմությանը և երբ»: Սպառազինության մեծ մասը, որը Վաշինգտոնը պատրաստ է ուղարկել, գնվում են Սաուդյան Արաբիայի և Կատարի կողմից և պատրաստ են մատակարարման:
Ըստ տեղի ԶԼՄ-ների ՝ «Սպիտակ տունը նաև մոտ է Սիրիայում լայնածավալ ռազմական գործողությունների վերաբերալ հարցի լուծմանը»: Որոշ աղբյուրներ ուսումնասիրում են այնտեղ Լիբիայի սցենարի ավելի թեթև տարբերակն իրականացնելու անհրաժեշտությունը:









































