«Դեպք էր՝ պատահեց, ինչ կարող ենք անել, մեր գյուղը մի մեծ ընտանիքի նման է, ամբողջ գյուղն է սգում Արտյոմի մահը»,- ասում են Արտյոմ Վարդանյանի հոգեհանգստին եկած գյուղացիները: Նախօրեին Լոռու մարզի Լեռնանցք գյուղից 14-ամյա Արտյոմ Վարդանյանը իրենց տան նկուղում կախվելու միջոցով ինքնասպան է եղել:
Մոր ճչոցի ու լացի ձայները լսելով՝ դիմացի հարևանուհին անմիջապես վազել է Վարդանյանների բնակարան. «Գնացի տեսնեմ՝ ինչն է պատճառը, Արտյոմին կախված վիճակում տեսա ու չնկատեցի, որ իմ տղան էլ է հետևիցս եկել: Տեսա միայն այն ժամանակ, երբ Հարութը փորձեց բան ասել ու չկարողացավ, մինչև հիմա ոչ մի բառ չի ասել: Ասում են՝ հուզմունքից վզի մկաներն են ձգվել, հիմա քրոջ տուն եմ տարել»,- ասում է Արտյոմ Վարդանյանի դասընկեր ու հարևան Հարութի մայրը:
Հարևանուհին պատմում է, որ հարևաններով նաև դասընկերներ են, ամբողջ օրն իրար հետ մեկի տան բակում խաղում էին կամ դաս էին անում, ոչ մի աչքի ընկնող բան` տրամադրության ու հուզականության փոփոխություն չեն նկատել:
Դասղեկ Հասմիկ Դիլբարյանը պատմում է, որ ծնողները դպրոցի հետ կապ չեն պահել, հայրը վատառողջ էր, սրտի կաթված էր տարել, և թեկուզ արտագնա աշխատանքի էր մեկնում, բայց հաճախ էր տուն վերադառնում: Արտյոմն առաջադիմությամբ աչքի չէր ընկնում, հատուկ առաջադրանք էին տալիս ու պահանջում, որ դասերը սովորի, բայց որպես մարդ դրական կերպար էր: 8 տարվա ընթացքում այնպիսի բան չի արել, որ լուրջ դիտողության արժանանա կամ տնօրենի սենյակ կանչվի: Հ. Դիլբարյանի հիշողության մեջ Արտյոմը ընկերասեր, շփվող, չափից դուրս հոգատար շրջապատի մարդկանց հանդեպ, կենսուրախ, նաև հումորի զգացում ունեցող սան է տպավորվել. «Տրամադրության շեշտակի փոփոխություն էլ չէր ունենում, եթե դիտողության էր արժանանում՝ այդ պահին նեղվում էր, բայց իր մեջ չէր պահում, չափից շատ բարի էր, չուներ հիշաչարություն, էմոցաները արտահայտում էր լացի միջոցով: Շատ պսրզ բնավորություն ուներ, խնդիրներ ունենալիս ազատ կիսվում էր: Ինքը հոգեկան խնդիրներ, շեղվածություն, կյանքը չսիրելու պատճառներ չի ունեցել, եթե խնդիրներ կան ընտանեկան, դա ավելի նեղ շրջանակում է մնացել: Իր այս քայլն անակնկալ էր բոլորի համար»:
Դասղեկը պատմում է, որ ամառային արձակուրդների հետ կապված ծրագրեր էր կազմում: Մտադիր էր ամառն անցկացնել ՌԴ-ում՝ հոր` Արսեն Վարդանյանի մոտ, նույնիսկ մտածում էր այնտեղ շարունակել ուսումը:
Դպրոցի տնօրենն էլ հավելում է, որ եթե խնդիրներ ունենար, գուցե իրենք չնկատեին, կամ իրենց չասեր, բայց հարևան համադասարանցիների հետ շատ ջերմ էր, ամբողջ օրն իրար հետ խաղում էին: «Միջանցքում հազարից մեկ վազելու կամ այլ անկարգության համար կարգի եմ հրավիրել նրան: Ճիշտ է, լիդեր չէր իր բնույթով, բայց նախաձեռնություններին աջակցում էր։ Նույնիսկ օգնում էր՝ պայուսակներ էին տեղափոխում, որ փախչեին երեխաներով»,- ասում է Լեռնանցքի միջնակարգ դպրոցի տնօրեն Արամ Ավագյանը:
Շրջանառվող խոսակցությունների մասին, թե Ա. Վարդանյանը ինքնասպանության նմանատիպ մի փորձ էլ կատարել էր 2 շաբաթ առաջ` պատճառաբանելով համակարգիչ չունենալը, գյուղացիների մի մասը հերքում է, մյուս մասն էլ ասում է, թե նաև արտագնա աշխատանքի գնացած հորն են զգուշացրել: Իսկ գյուղապետ Լևիկ Աբգարյանն ասում է, որ թեև վերջերս են համակարգիչ ձեռք բերել, բայց շատ ապահովված ընտանիք են, սոցիալական վիճակի պատճառով Արտյոմը նման քայլի չէր դիմի. «Իրանց ուզած՝ ուտում ու հագնում էին, դեռ իմ ընտանիքից էլ լավ էին ապրում, ամեն ինչով ֆինանսապես ապահվված են ու գյուղում լավ ընտանիքի համբավ ունեն»,- ասում է Լ. Աբգարյանը:
Դպրոցի տնօրենը պատմում է, որ դեպքից հետո մայրը` Ժաննա Մաթոսյանը տուն չի գնացել. «Դեպքից հետո գնացել է ոստիկանություն ու մինչև հիմա տուն չի հասել, չգիտենք էլ՝ որտեղ է: Կարող է՝ նաև վախից է գնացել, որ իրեն կմեղադրեն: Ալավերդու շրջանի գյուղերից է»:
Կատարվածի փաստով ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում նախապատրաստվում են նյութեր:









































