ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 18-ին հանդիպել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի անդամների և բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանի հետ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Որպես ՀՊՏՀ խորհրդի նախագահ` խորհրդարանի ղեկավարը ուսանողների հետ քննարկել է նրանց առաջիկա ծրագրերն ու անելիքները: Ուսանողները խոսեցին նոր նախաձեռնությունների մասին, ներկայացրին բուհի ընթացիկ խնդիրները: ԱԺ նախագահը, հետաքրքրվելով քննաշրջանի ընթացքով, ընդգծել է կրթական հաստատությունում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու և համատեղ ջանքերով բացառելու անհրաժեշտությունը: Հովիկ Աբրահամյանը ուսանողներին լավ սովորելու և գիտելիքները հարստացնելու կոչ է արել` հիշեցնելով, որ լավ մասնագետը պահանջված է միշտ: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը փորձառության լավ հնարավորություն է համարել գործատուների հետ մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնելու` համալսարանի նախաձեռնությունը: ԱԺ նախագահը ուսխորհրդի անդամներին հորդորել է ակտիվ լինել նաև կրթական ծրագրերը, բարեփոխումները իրագործելու հարցում և լավ արդյունքի հասնելու համար համագործակցել բուհի ղեկավարության հետ:
Աբրահամյանն ապագա տնտեսագետներին տեղեկացրել է, որ սեպտեմբերից կսկսվի երիտասարդական նոր խորհրդարանի ձևավորումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են այլ հարցեր ևս:







































