Ներկայիս համեմատ նախկինում Անտարկտիդան զգալիորեն տաք է եղել, կլիման ավելի խոնավ է եղել և այդ գործոնները թույլ են տվել, որ մայրցամաքի շրջակայքը ծածկվի բուսականությամբ, այդ թվում՝ ցածրահասակ ծառերով: Այս մասին հայտնել են ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայի, Հարավային Կարոլինայի և Լուիզիանայի համալսարանի գիտնականների խումբը:
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ 15-20 մլն տարի առաջ, Անտարկտիդայի ափերին ամառվա միջին ջերմաստիճանը ներկայիս համեմատ 11 աստիճանով բարձր է եղել՝ 7 աստիճան: Բացի այդ գիտնականները հաստատում են, որ 6-րդ մայրցամաքում մթնոլորտային տեղումների նորման մի քանի անգամ բարձր է եղել: Նրանց կարծիքով՝ մայրցամաքի «կանաչման» պիկը եղել է 16,4 – 15,7 մլն տարի առաջ:
Հետազոտությունների համար գիտնականները ռադիոածխածնային փորձաքննության են ենթարկել Անտարկտիդայի ափերին հայտնաբերված բույսերի մնացորդները: Նախագծի ղեկավար՝ Հարավային Կարոլինայի համալսարանի մասնագետ Սառա Ֆիկինսի խոսքով՝ հետազոտության արդյունքում հնարավոր է ավելի լավ հասկանալ, թե ապագայում ինչի կհանգեցնի կլիմայի փոփոխությունը. ինչպես պատմությունը, այնպես էլ անցյալի կլիման, մեզ շատ բան կարող են սովորեցնել ապագայի մասին:











































